Թուրինի «Յուվենտուսի» նորեկ Կրիշտիանու Ռոնալդուն եվրոպական ակումբային մրցաշրջանի լավագույն գոլի հեղինակ ճանաչվելուց հետո կիսվել է տպավորություններով:

«Շնորհակալություն բոլորին, ովքեր քվեարկել են իմ օգտին: Երբեք չեմ մոռանա այդ պահը, հատկապես՝ «Յուվենտուսի» երկրպագուների արձագանքը»,- թվիթերյան էջում գրել է Ռոնալդուն:

Հիշեցնենք, որ ՈւԵՖԱ-ի կայքում անցկացված քվեարկության արդյունքում լավագույնն էր ճանաչվել Չեմպիոնների լիգայի նախորդ մրցաշարի քառորդ եզրափակիչում պորտուգալացի հարձակվողի խփած գոլն իր այժմյան ակումբի դարպասը: Նախորդ մրցաշրջանում 33-ամյա Ռոնալդուն հանդես էր գալիս Մադրիդի «Ռեալի» կազմում, իսկ «Յուվենտուսի» դարպասը Թուրինում գրավել էր շրջադարձ հարվածով: Այդ գոլից հետո իտալական ակումբի երկրպագուները ծափահարել էին պորտուգալացուն:

Ավելի վաղ Կրիշտիանու Ռոնալդուն խոստովանել էր, որ դա իր կարիերայի ամենագեղեցիկ գոլն էր:

Այս ամռանը «Ռեալից» Իտալիա տեղափոխված պորտուգալացի հարձակվողը «Յուվենտուսի» հետ կնքել է 4 տարվա պայմանագիր, իսկ նրա տրանսֆերը կազմել է 112 միլիոն եվրո: Ռոնալդուն Արքայական ակումբում հանդես է եկել 2009-2018-ը՝ անցկացրած 438 խաղում դառնալով 450 գոլի եւ 131 գոլային փոխանցման հեղինակ: