ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքն անդրադարձել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում Արթուր Վանեցյանի ընտրությանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը նշում է, որ 38-ամյա Արթուր Վանեցյանը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում ընտրվել է 4 տարի ժամկետով:

«Ընտրությունից հետո ունեցած ելույթում նա ասել է, որ ղեկավարելու է «ֆուտբոլը բոլորի համար» սկզբունքով և կանի ամեն հնարավոր բան՝ հայկական ֆուտբոլը զարգացման նոր մակարդակի բարձրացնելու համար»,- գրում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Կայքը նաև ընդգծում է, որ ՀՖՖ նոր նախագահը հայտնել է, որ ֆեդերացիան աշխատելու է ապագայում տաղանդավոր ֆուտբոլիստներին բացահայտելու նոր համազգային համակարգ մշակելու ուղղությամբ: «Մենք պետք է ընդլայնենք հայկական ֆուտբոլի աշխարհագրությունը և իրականացնենք լայնամասշտաբ աշխատանքներ մարզերում»,- Արթուր Վանեցյանի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը: