Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության ակումբներից որոշները խախտում են ՀՀ լեզվի մասին օրենքը: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: «Վերջին շրջանում` հայկական ակումբներում ռուսաստանցի մարզիչների հայտնվելուց հետո, նկատվում է երևույթ, որը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան համարում է անընդունելի: Խոսքը հետխաղային մամուլի ասուլիսների ընթացքում ռուսախոս մարզիչների խոսքը զուգահեռ հայերեն չթարգմանելու մասին է: Հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության տարածքում պետական լեզուն հայերենն է, և առաջնորդվելով ՀՀ լեզվի մասին օրենքով՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հորդորում է ֆուտբոլային ակումբներին չխախտել ՀՀ լեզվի մասին օրենքը և ապահովել ռուսերեն խոսքին զուգահեռ հայերեն թարգմանությունը հետխաղային ասուլիսների ժամանակ»,-ասված հաղորդագրության մեջ: