Աշխարհի ու Եվրոպայի գործող չեմպիոն Մաքսիմ Մանուկյանը (82 կգ) Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում կանցկացնի բրոնզե մեդալի համար գոտեմարտ:

Նախօրեին պայքարի մեջ մտած եւ 2 հաղթանակներից հետո քառորդ եզրափակիչում պարտություն կրած Մանուկյանը հնարավորություն էր ստացել պայքարել բրոնզե մեդալի համար եւ միակ սփոփիչ գոտեմարտում 4:2 հաշվով հաղթեց վենեսուելացի Լուիս Ռոխասին: Երեկոյան մրցահերթում հայ ըմբիշը բրոնզե մեդալը կվիճարկի իրանցի Սաիդ Աբդվալիի հետ:

Նախօրեին հաղթանակով մեկնարկելուց հետո 1/4 եզրափակիչում պարտություն կրած Նորայր Հախոյանը (55 կգ) եւս հաղթեց միակ սփոփիչ գոտեմարտում: Հախոյանը 8:6 հաշվով ուժեղ գտնվեց կորեացի Հի Դոն Սոնից: Երեկոյան մրցահերթում Նորայրը բրոնզե մեդալի համար գոտեմարտ կանցկացնի թուրք Էրկեմ Օզտուրկի հետ:

Հոկտեմբերի 25-ին պայքարի մեջ են մտել Հայաստանի եւս 3 ներկայացուցիչներ՝ Գեւորգ Ղարիբյանը (60 կգ), Կարեն Ասլանյանը (67 կգ) եւ Արթուր Շահինյանը (87 կգ):

Գեւորգ Ղարիբյանը պայքարը սկսեց որակավորման փուլից, որտեղ 8:0 հաշվով վստահ հաղթանակ տարավ պանամացի Անդրես Գոնսալես Անդրադեի նկատմամբ: 1/8 եզրափակիչում Ղարիբյանի մրցակիցը կլինի Հյուսիսային Կորեան ներկայացնող Սի Ուն Ռին:

Արթուր Շահինյանը 1/16 եզրափակիչում մեկնարկեց Իսրայելի ներկայացուցիչ Ռոման Ժերնովետսկու նկատմամբ 9:0 հաշվով հաղթանակով: Շահինյանից 1 րոպե 56 վայրկյան պահանջվեց հաղթանակի համար: Նրա հաջորդ մրցակիցը կլինի Ռիո-2016 օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի 2015թ. չեմպիոն, ուկրաինացի Ժան Բելենյուկը:

2018թ. Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Կարեն Ասլանյանը որակավորման փուլում պարտվեց ադրբեջանցի Կամրան Մամադովին (2:2): Եթե Մամադովը հասնի եզրափակիչ, հայ ըմբիշը հնարավորություն կստանա պայքարել բրոնզե մեդալի համար:

Հոկտեմբերի 24-ին հանդես էր եկել նաեւ Սլավիկ Գալստյանը (63 կգ), որը հաղթանակով մեկնարկելուց հետո պարտություն էր կրել եւ լքել պայքարը:

Հիշեցնենք, որ օլիմպիական չեմպիոն Լեւոն Ջուլֆալակյանի գլխավորած հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմում աշխարհի առաջնությանը մեկնել են նաեւ Կարապետ Չալյանը (77 կգ) եւ Օլիմպիական խաղերի, աշխարհի ու Եվրոպայի գործող չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (97 կգ), որոնք պայքարը կսկսեն հոկտեմբերի 27-ին: