Ծանրամարտի աշխարհի նորընծա չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ) եւ փոխչեմպիոն Գոռ Մինասյանը (+109 կգ) Փաշիկ Ալավերդյանի գլխավորած թիմի հետ Թուրքմենստանի մայրաքաղաք Աշգաբադից վերադարձան Հայաստան:

«Զվարթնոց» օդանավակայանում Ռիո-2016 օլիմպիական փոխչեմպիոններին սպասում էին մեծ շուքով: «Զվարթնոցի» ժամանման սրահում իսկական տոն էր, ծանրամարտի Հայաստանի հավաքականի երկրպագուները տոնում էին 8 տարվա դադարից հետո աշխարհի առաջնության ոսկե մեդալը:

Սիմոն Մարտիրոսյանի հաղթանակը մեծ ոգեւորություն էր բերել նրա ծննդավայր Էջմիածնի Հայկաշեն գյուղում: Օդանավակայանի սպասասրահում հայկաշենցիները զուռնա-դհոլով, փուչիկներով, պաստառներով սպասում էին չեմպիոնի դուրս գալուն: Հավաքվածների մեջ, սակայն, ամենահուզվածը Սիմոնի ծնողներն էին: