Ֆուտբոլի ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի 5-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականն Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորությամբ հյուրընկալվեց Ջիբրալթարի թիմին եւ տպավորիչ կամային հաղթանակ տարավ 6:2 հաշվով:

Առաջին խաղակեսում կողմերը մեկական գոլ փոխանակեցին: Առաջինը հաջողության հասան դաշտի տերերը, որոնք արդեն 10-րդ րոպեին բացեցին հանդիպման հաշիվը: Հայաստանի հավաքականում սխալվեց Ռումյան Հովսեփյանը եւ Արամ Հայրապետյանի պաշտպանած դարպասը գրավեց Անդրե Տժեյ Դե Բարը:

27-րդ րոպեին Հայաստանի հավաքականը կարողացավ հավասարեցնել հաշիվը: Աչքի ընկավ հարձակվող Յուրա Մովսիսյանը, որն օգտագործեց Գեւորգ Ղազարյանի հեռվից կատարած փոխանցումից հետո Արթուր Քարտաշյանի կարճ փոխանցումը:

Երկրորդ խաղակեսում Յուրա Մովսիսյանը 6 րոպեում եւս երեք գոլ խփեց՝ 48, 52, 54-րդ րոպեներին: Հայաստանի հավաքականի 5-րդ գոլը խփեց թիմում նորամուտը նշած պաշտպան Արթուր Քարտաշյանը, որը Հենրիխ Մխիթարյանի իրացրած տուգանային հարվածից հետո դարպասապահից հետ եկած գնդակն ուղարկեց դարպասը:

Վերջնամասում Ջիբրալթարի թիմը կարողացավ եւս մեկ անգամ աչքի ընկնել: 78-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Ադամ Պրիսթլին:

Ավելացված չորրորդ րոպեին էլ առաջին գոլը Հայաստանի հավաքականում խփեց Ալեքսանդր Կարապետյանը, որը փոխարինել էր Յուրա Մովսիսյանին եւ անցկացրեց երրորդ խաղը ազգային թիմում:

Հայաստանի հավաքականն ուներ հսկայական տարածքային առավելություն՝ գնդակի վերահսկողությունը 74 տոկոս:

Յուրա Մովսիսյանը դարձավ Հայաստանի հավաքականում «պոկերի» առաջին հեղինակը: Նա 14 գոլ է խփել ազգային թիմում:

Հանդիպումը տեղի ունեցավ Ջիբրալթարի «Վիկտորիա» ստադիոնում, որը օդանավակայանի անմիջապես հարեւանությամբ է ու հյուրընկալում է 5 հազար հանդիսական: Խաղը սպասարկեց Նորվեգիան ներկայացնող մրցավարական բրիգադը՝ Կայ Էրիկ Սթինի գլխավորությամբ:

Հիշեցնենք, որ Երեւանում կայացած առաջին շրջանի խաղում Ջիբրալթարի հավաքականը հաղթել էր նվազագույն հաշվով՝ տանելով իր պատմության առաջին հաղթանակը պաշտոնական խաղերում:

Ազգերի լիգայի D դիվիզիոնի չորրորդ խմբի մյուս խաղում Մակեդոնիայի հավաքականը 2:0 հաշվով հաղթեց Լիխտենշտեյնին եւ 12 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Հայաստանի հավաքականը 9 միավորով երկրորդ տեղում է: Ջիբրալթարը 6 միավորով երրորդ տեղում է: Լիխտենշտեյնն ունի 3 միավոր: Հաջորդ փուլի ուղեգիր է նվաճում միայն խմբի հաղթողը:

Նոյեմբերի 19-ին Հայաստանի հավաքականը խմբային փուլի վերջին տուրում կհյուրընկալվի Լիխտենշտեյնին: Մակեդոնիայի հավաքականը կընդունի Ջիբրալթարին եւ ոչ ոքի արդյունքի դեպքում էլ դուրս կգա փլեյ-օֆֆ, մյուս թիմերը կավարտեն պայքարը՚

Ազգերի լիգա, D դիվիզիոն, չորրորդ խումբ, 5-րդ տուր

Ջիբրալթար - Հայաստան՝ 2:6

Անդրե Տժեյ Դե Բար, 10, Ադամ Պրիսթլի, 78 – Յուրա Մովսիսյան, 27, 48, 52, 54, Արթուր Քարտաշյան, 66, Ալեքսանդր Կարապետյան, 90+4

Հայաստան. Արամ Հայրապետյան, Կամո Հովհաննիսյան, Վարազդատ Հարոյան, Արթուր Քարտաշյան, Գագիկ Դաղբաշյան, Արտակ Գրիգորյան, Ռումյան Հովսեփյան (Գոռ Մալաքյան, 62), Սարգիս Ադամյան (Էդգար Մալաքյան, 73), Գեւորգ Ղազարյան, Հենրիխ Մխիթարյան, Յուրա Մովսիսյան (Ալեքսանդր Կարապետյան, 70):