Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարել է «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» և «Տարվա լավագույն մարզիչ» անվանակարգերում քվեարկության սկիզբը:

«Տարվա լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգում ՀՖՖ-ն ներկայացրել է 30 ֆուտբոլիստներից կազմված ցուցակ, իսկ լավագույն մարզիչի թեկնածուների ցուցակ չի հրապարակվել:

«Տարվա լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգի քվեարկության ընթացակարգում կատարվել են որոշակի փոփոխություններ. մասնավորապես, այս տարի ՀՖՖ-ն ակումբներից չի պահանջել ներկայացնել իրենց 5 թեկնածուներին: ՀՖՖ-ն կազմել է ազգային հավաքականում և Հայաստանի առաջնությունում օրացուցային տարում առավել աչքի ընկած ֆուտբոլիստների ցուցակ, որից էլ պետք է ընտրել լավագույն երեքին: Լավագույն ֆուտբոլիստին, ինչպես և նախորդ տարի, ընտրելու են միայն լրատվամիջոցների և ակումբների ներկայացուցիչները: Յուրաքանչյուր լրատվամիջոց ունի 1 ձայնի իրավունք: Քվեարկության իրավունք ունեցող ԶԼՄ-ի ցուցակը՝ այստեղ:

Մրցույթի անցկացման կարգին ավելի մանրամասն կարելի է ծանոթանալ այստեղ, իսկ «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգում հավակնորդների ցուցակին՝ այստեղ:

«Տարվա լավագույն մարզիչ» անվանակարգի քվեարկության ընթացակարգում ևս տեղի են ունեցել փոփոխություններ: Այսուհետ «Տարվա լավագույն մարզիչ» անվանակարգում հաղթողի կոչմանը կարող են հավակնել օրացուցային տարվա ընթացքում Հայաստանի ազգային և տարբեր տարիքային հավաքականները, ինչպես նաև Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության մասնակից թիմերը գլխավորած բոլոր մարզիչները (ներառյալ այն մարզիչները, ովքեր տարվա ընթացքում գլխավորել են մի քանի հավաքականներ և/կամ ակումբներ, կամ այլևս չեն հանդիսանում որևէ հավաքականի/ակումբի գլխավոր մարզիչ): Ի տարբերություն «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգի՝ «Տարվա լավագույն մարզիչ» անվանակարգի համար ՀՖՖ-ն իր կողմից չի ներկայացնում թեկնածուների ցուցակ: Լավագույն մարզչին նույնպես ընտրելու են միայն լրատվամիջոցների և ակումբների ներկայացուցիչները: Յուրաքանչյուր լրատվամիջոց ունի 1 ձայնի իրավունք:

Մրցույթի անցկացման կարգին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ:

Քվեաթերթիկները, որոնք կարող եք ներբեռնել այստեղ և այստեղ, պետք է ներկայացնել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Հասարակության հետ կապերի և լրատվության բաժին՝ փակ ծրարով: Քվեարկությունը կտևի մինչև ս.թ. դեկտեմբերի 20-ը՝ ժամը 18:00: Դրանից հետո ներկայացված քվեաթերթիկները համարվելու են անվավեր: