Հայաստանի ազգային հավաքականի եւ ղազախական «Ակտոբեի» կիսապաշտպան Մարկոս Պիզելին խոսել է Եվրո-2020-ի ընտրական փուլում հայկական թիմի շանսերի մասին ու անդրադարձել իր վնասվածքին:

«Ցավոք, մրցաշրջանի վերջում ստացա վնասվածք, սակայն ամեն բան արդեն կարգին է: Ձգտում եմ դառնալ ավելի ուժեղ ու ավելի լավը:

Ինչ վերաբերում է Եվրո-2020-ի ընտրական փուլին, բարդ է խոսել Հայաստանի հավաքականի մասին՝ հատկապես, երբ մենք ունենք հրաշալի թիմ, սակայն մենք միշտ պարտվում ենք եւ շատ բան կորցնում մանրուքների պատճառով: Կարծում եմ՝ Հայաստանի հավաքականի համար ամենաբարդը լինելու է պահպանել կայունությունը որակավորման փուլում: Թիմն ունի ներուժ»,- Մարկոսի խոսքը մեջբերում է sports.kz-ն:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 24-ին հայտնի դարձավ, որ 34-ամյա Պիզելին առաջին անգամ ճանաչվել է Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստ: Քվեարկության արդյունքում նա հավաքել էր 171 միավոր եւ առաջ անցել Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանից, որը ստացել էր 119 միավոր: Նախորդ 7 տարիներին Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ էր ճանաչվել Հենրիխ Մխիթարյանը, որն այդ մրցանակին արժանացել է 8 անգամ:

Մարկոս Պիզելիին Ղազախստանի ավարտված առաջնությունում (33 տուր) 24 խաղում խփել էր 18 գոլ եւ ճանաչվել մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ, ռմբարկու ու գոլի հեղինակ: Պիզելին առաջին տեղն էր գրավել նաեւ «գոլ+փոխանցում» հաշվարկով՝ դառնալով 10 գոլային փոխանցման հեղինակ:

Այս օրերին Պիզելին շարունակում է վերականգնվել ծնկի ծանր վնասվածքից, որը նա հոկտեմբերի 16-ին ստացել էր Մակեդոնիայի հավաքականի դեմ ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի խմբային փուլի չորրորդ տուրի խաղում (4:0):