Այսօր Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի 30-ամյա հոբելյանն է։ Հենրիխը ծնվել է 1989 թվականի հունվարի 21-ին՝ Երևանում։ Մարզական կարիերան սկսել է Երևանի «Փյունիկ»-ում, որտեղ անց է կացրել 89 հանդիպում՝ հեղինակելով 35 գնդակ։ 2009 թվականի հունիսին նա 3 տարվա պայմանագիր է կնքել Դոնեցկի «Մետալուրգ»-ի հետ, որի կազմում, անցկացնելով 38 հանդիպում, հեղինակել է 14 գնդակ։ 2010 թվականի օգոստոսի 30-ին Հենրիխը 5 տարվա պայմանագիր է կնքել Դոնեցկի «Շախտյոր»-ի հետ։ Հենրիխի տրանսֆերն արժեր 7,5 մլն դոլար։

2013 թվականի ամռանը Հենրիխ Մխիթարյանը «Շախտյոր»-ից տեղափոխվել է Դորտմունդի «Բորուսիա»։ Նրա տրանսֆերի համար «Բորուսիա»-ն ուկրաինական ակումբին 27,5 մլն եվրո է վճարել։ 2016-ի հուլիսի 2-ին Մխիթարյանը տեղափոխվեց «Մանչեսթր Յունայթեդ»։ 2018-ի հունվարի 21-ին Մխիթարյանը տեղափոխվեց «Արսենալ»։

Հայաստանի ազգային հավաքականի կազմում իր նորամուտը նշել է 2007 թվականի հունվարի 14-ին՝ Պանամայի դեմ ընկերական խաղում։ Հենրիխը ութ անգամ ճանաչվել է Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ (2009, 2011, 2012, 2013, 2014, 2015, 2016, 2017 թվականներին)։