Անգլիական Պրեմյեր լիգայի 27-րդ տուրում Լոնդոնի «Արսենալը» Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գոլի ու գոլային փոխանցման շնորհիվ 2:0 հաշվով տնային հաղթանակ տարավ «Սաութհեմփթոնի» նկատմամբ եւ, շրջանցելով «Մանչեսթեր Յունայթեդին», բարձրացավ չորրորդ տեղ:

Լոնդոնյան ակումբն ակտիվ սկսեց խաղը եւ 6-րդ րոպեին հակագրոհի արդյունքում բացեց հաշիվը: Հենրիխ Մխիթարյանի հարված-փոխանցումից հետո գնդակը հայտնվեց ֆրանսիացի հարձակվող Ալեքսանդր Լյակազեթի մոտ, որը հարմար դիրքից գրավեց դարպասը: 17-րդ րոպեին հաշիվը կրկնապատկեց 30-ամյա Մխիթարյանը, որը 5-րդ գոլը խփեց Անգլիայի ընթացիկ առաջնությունում: Խաղի մնացած ժամանակահատվածում դարպասի գրավումներ չարձանագրվեցին:


Հենրիխ Մխիթարյանը 15-րդ հանդիպումն անցկացրեց ընթացիկ առաջնությունում եւ կատարեց նաեւ երկրորդ արդյունավետ փոխանցումը: Նա անցկացրեց ամբողջ հանդիպումը:

Տուրի կենտրոնական խաղում «Մանչեսթեր Յունայթեդն» ընդունեց «Լիվերպուլին»: Թիմերը բաժանվեցին գոլազուրկ ոչ ոքիով:

Այս հաղթանակից հետո «Արսենալը» շրջանցեց «Մանչեսթեր Յունայթեդին» եւ 53 միավորով բարձրացավ չորրորդ տեղ: «Լիվերպուլը» 66 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ մեկ միավոր է առաջ երկրորդ տեղում գտնվող «Մանչեսթեր Սիթիից»:

Անգլիայի առաջնություն, 27-րդ տուր

«Արսենալ» - «Սաութհեմփթոն»՝ 2:0 (տեսանյութ)

Ալեքսանդր Լյակազեթ, 6, Հենրիխ Մխիթարյան, 17

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Լիվերպուլ»՝ 0:0 (տեսանյութ