Մադրիդի «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը ստանձնել է պատասխանատվությունն այս մրցաշրջանում թիմի բոլոր անհաջողությունների համար։

«Ֆուտբոլիստներն իրենց կարծիքն արտահայտում են խաղադաշտում ցուցադրած խաղով, սակայն այս մրցաշրջանը այդպիսին չէ։ Իրադարձություններն ահավոր էին, եւ ոչ ոք դա չի թաքցնում։ Բոլոր խաղացողներն էլ կրում են պատասխանատվություն, իսկ ավագը՝ բոլորից շատ։ Այդ պատճառով էլ որոշեցի իմ վերաբերյալ շրջանառվող լուրերի մասին խոսել բաց։

Իմ դեղին քարտը Ամստերդամում սխալ էր, ես դա ընդունում եմ 200 տոկոսով։ «Այաքսի» հետ խաղի ժամանակ վավերագրական ֆիլմի նկարահանումներին մասնակցությունս պարտավորություն էր, եւ նույնիսկ չէի կարող պատկերացնել, որ այդպես կդասավորվի հանդիպումը։ Նախագահի հետ բոլոր տարաձայնությունները հարթվել են հանդերձարանում։ Հիմա ոչ մի խնդիր չկա, «Ռեալն» է միայն կարեւոր»,- Թվիթերում գրել է Ռամոսը։

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում Ռամոսը դեղին քարտ էր դիտավորյալ ստացել, որպեսզի «Այաքսի» հետ պատասխան խաղում որակազրկվեր եւ փլեյ-օֆֆի հաջորդ փուլերում այդպիսի խնդիր չունենար։ Սակայն «Ռեալը» սեփական խաղադաշտում առանց Ռամոսի պարտվեց «Այաքսին» 1։4 հաշվով եւ դուրս մնաց պայքարից։ Առաջին խաղում իսպանական թիմը հաղթել էր 2։1 հաշվով։