Շվեյցարական Նիոնում մարտի 15-ին կանցկացվի ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի վիճակահանությունը: Այս փուլում բոլոր թիմերը կարող են հանդիպել իրար:

1/8 եզրափակիչի արգելքը հաղթահարել են կատալոնական «Բարսելոնան», անգլիական «Լիվերպուլը», «Մանչեսթեր Յունայթեդը», «Տոտենհեմը» եւ «Մանչեսթեր Սիթին», Թուրինի «Յուվենտուսը», Ամստերդամի «Այաքսը», պորտուգալական «Պորտուն»: «Այաքսը» 1/8 եզրափակիչում պայքարից դուրս էր թողել Չեմպիոնների լիգայի նախորդ 3 մրցաշարերի հաղթող Մադրիդի «Ռեալին»:

Վիճակահանությունը կմեկնարկի Երեւանի ժամանակով 15:00-ին:

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղերը տեղի կունենան ապրիլի 9-ին եւ 10-ին, իսկ պատասխան հանդիպումները՝ ապրիլի 16-ին եւ 17-ին:

Երեւանի ժամանակով 16:00-ին կմեկնարկի նաեւ Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչի վիճակահանությունը:

Պայքարը շարունակում են «Արսենալ» (Անգլիա), «Այնտրախտ» (Գերմանիա), «Բենֆիկա» (Պորտուգալիա), «Վալենսիա» (Իսպանիա), «Վիլյառեալ» (Իսպանիա), «Նապոլի» (Իտալիա), «Չելսի» (Անգլիա), «Սլավիա» (Չեխիա) ակումբները:

Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղերը կանցկացվեն ապրիլի 11-ին, իսկ պատասխան հանդիպումները՝ մեկ շաբաթ անց:

Հիշեցնենք, որ Եվրոպայի լիգայի գործող հաղթողն է Մադրիդի «Աթլետիկոն», որն այս տարի հանդես էր գալիս Չեմպիոնների լիգայում եւ պայքարը լքեց 1/8 եզրափակիչից: