Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ Բաքու չմեկնելու որոշումը արդեն իսկ լուրջ հարված հասցրեց մասնավորապես ՈՒԵՖԱ-ին: Տեղի ունեցածը ոչ միայն հեղինակավոր լրատվամիջոցների, այլև պետական գործիչների ուշադրության կենտրոնում է: Երեկ խնդրին անդրադարձել է Իռլանդիայի արդարադատության և հավասարության նախարար Չառլի Ֆլենագանը: «Շատ ցավալի է, երբ բախվում են սպորտն ու քաղաքականությունը, քանի որ Հենրիխ Մխիթարյանը որոշել է չգնալ Ադրբեջան՝ Եվրոպայի լիգայի եզրափակչին՝ անվտանգության նկատառումներից ելնելով: ՈՒԵՖԱ-ն պետք է ավելին անի նման իրավիճակներում վախերը ցրելու և պաշտպանություն ապահովելու համար»,- Թվիթերի իր էջում գրել է Ֆլենագանը:

Արդեն մի քանի օր է՝ Մխիթարյանի շուրջ ծագած խնդրին անդրադառնում է հայտնի բրիտանացի լրագրող և հեռուստահաղորդավար Պիրս Մորգանը: «Բոլորն ուզում են ֆուտբոլից արմատախիլ անել ռասիզմը, սակայն ոչ մեկը ոչինչ չի անում այդ ուղղությամբ: Հենրիխ Մխիթարյանը չի կարող խաղալ եզրափակչում, քանի որ հա՞յ է: Խայտառակություն»,- հայտարարել է լրագրողը:

Վերջինս եզրափակչի մյուս մասնակցին՝ Լոնդոնի «Չելսիին» հորդորել էր Բաքու չմեկնելու որոշում կայացնել, ինչի արդյունքում ՈՒԵՖԱ-ն ստիպված կլինի փոխել մրցավեճի անցկացման վայրը: ««Չելսի», դուք ունեք բազմաթիվ հայ երկրպագուներ։ Հենրիխ Մխիթարյանի հետ կապված իրավիճակում չե՞ք պատրաստվում որևէ քայլ անել։ Եթե «Արսենալն» ու «Չելսին» հրաժարվեն խաղալ Բաքվում, ՈՒԵՖԱ-ն կտեղափոխի եզրափակիչը»,- ասել է Մորգանը:



Արդեն այսօր խնդրի վերաբերյալ բավական կոշտ արձագանքով է հանդես եկել Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը: Մասնավորապես, դիմելով ՈՒԵՖԱ-ին՝ կազմակերպությունը նշել է, որ չպետք է թույլ տալ, որպեսզի Ադրբեջանը սպորտի և մասնավորապես ֆուտբոլի միջոցով փորձի վերականգնել մարդու իրավունքների ոլորտում խայտառակ վարքագիծն ու հեղինակությունը: Կազմակերպության տնօրեն Քեյթ Ալենը նշել է, որ երկրպագուները այսպես թե այնպես ոգևորությամբ կդիտեն եզրափակիչ մրցավեճը, սակայն Ադրբեջանը շարունակում է մարդու իրավունքների ոտնահարման առումով վատ հեղինակություն ունենալ, քանի որ այնտեղ դաժանաբար թիրախավորվում են լրագրողներ, բլոգերներ և մարդու իրավունքի պաշտպաններ:

«Շատ երկրներ հաճախակի են մարզական բարձր մակարդակի մրցություններն օգտագործում մարդկանց ուշադրությունն իրենց ճնշումային քաղաքականությունից և մարդու իրավունքի ոտնահարումներից շեղելու համար, ինչի ամենաթարմ օրինակը Բաքվում կայանալիք «Արսենալ»-«Չելսի» հանդիպումն է»,- հայտարարել է Ալենը:

Ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՈՒԵՖԱ-ն որևէ հայտարարությամբ կամ մեկնաբանությամբ հանդես չի գալիս՝ հավանաբար գիտակցելով, որ բանը բանից արդեն անցել է, և Եվրոպա լիգայի կայանալիք եզրափակիչն արդեն իսկ հեղինակազրկված է: Վերջին հայտարարությունն ՈՒԵՖԱ-ն արել էր մայիսի 21-ին՝ մասնավորապես նշելով. «Աշխատելով «Արսենալի» հետ՝ ՈՒԵՖԱ-ն դիմել և Ադրբեջանի իշխանություններից ստացել է ֆուտբոլիստի անվտանգությունը երաշխավորելու հավաստիացումը: Այդ երաշխիքների արդյունքում մշակվել և ակումբին է տրամադրվել անվտանգության միջոցառումների համակարգային պլան: Չնայած ակումբը ընդունում է հարցի հետ կապված ջանքերը, որ գործադրել են ՈՒԵՖԱ-ն և Ադրբեջանի կառավարությունը, մենք հարգում ենք խաղացողի՝ թիմի հետ չմեկնելու անձնական որոշումը»:

Այսօր վստահաբար կարող ենք ասել, որ վստահելով հեղինակավոր մրցաշարի եզրափակիչն Ադրբեջանին՝ ՈՒԵՖԱ-ն ծանր հարված ստացավ, որի հետևանքները կարող են շատ ավելի ծանր լինել: Այսօր էլ շատ է քննարկվում Մխիթարյանի որոշումը, և շարունակում են հնչել կարծիքներ, որ հայ ֆուտբոլիստն այնուամենայնիվ պետք է մեկներ Բաքու: Վերլուծելով իրավիճակը՝ կարող ենք վստահաբար ասել, որ մեր ֆուտբոլիստն իր, ըստ էության, դարակազմիկ որոշմամբ քարտ-բլանշ տվեց հայկական դիվանագիտությանը: Եթե նույնիսկ Մխիթարյանը մասնակցեր երզափակիչ խաղին, դառնար գոլի հեղինակ, ծածաներ հայկական եռագույնը, միևնույն է՝ նման էֆեկտ չէր լինի: Իհարկե, բոլորս կցնծայինք, կոգևորվեինք, բայց դա կլիներ ուղղակի կարճաժամկետ էյֆորիա: Մխիթարյանի որոշումը նախադեպ է հետագայում նման իրավիճակներից խուսափելու համար:

Հիշեցնենք, որ Լոնդոնի «Արսենալի» երկրպագուները մտադիր են Եվրոպա լիգայի եզրափակչում հաջակցություն Մխիթարյանի բողոքի ակցիա անցկացնել, ինչը իրարանցում է առաջացրել Ադրբեջանում: «Արսենալի» ամենահայտնի ֆանատներից մեկը՝ Canon Crested-ը, Բաքվում Մխիթարյանի համար անվտանգության երաշխիքներ չտալու դեմ բողոքի կոչ էր արել՝ պատրաստել է Մխիթարյանի դեմքով դիմակներ, դրանք բաժանել մարզադաշտում գտնվող 6 հազար երկրպագուներին, իսկ խաղի 7-րդ ու 77-րդ րոպեներին այդ 6 հազար երկրպագուներին կոչ արել միաժամանակ ոտքի կանգնել: Այս ակցիան կարող է դառնալ արդարացի բողոքի դրսևորման եզրափակիչ և հաղթական ակորդը:

 Նյութի աղբյուրը՝ 1in.am