«Արսենալի» երկրպագուները ծաղրում են համաշխարհային ֆուտբոլում առկա իրավիճակը, որը ստեղծվել է Ադրբեջանում Եվրոպա լիգայի եզրափակիչ անցկացնելու պատճառով: Ինչպես հայտնի է, ակումբը որոշել է, որ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, անվտանգության նկատառումներով, չի մասնակցելու մայիսի 29-ին կայանալիք «Չելսիի» դեմ վճռորոշ խաղին: Երկրպագուները խիստ բարկացած են, որ ֆուբոլիստը ոչ մարզական պատճառներով հանդիպում է բաց թողնում: Սկզբում նրանք սոցցանցերում իրենց զայրույթն էին արտահայտում, իսկ հիմա պարզապես ծաղրում են:

Երկրպագուները կատակում են, թե իբր «Չելսիի» մի քանի առաջատար խաղացողներ ծագումով հայեր են: Նրանց թվում նշում են Էդեն Ազարին, Ն՛Գոլո Կանտեին, Օլիվյե Ժիրուին, Կեպային: Նրանց գրառումները տարածվում են թվիթերում, ինչպես նաեւ բրիտանական մեծ լսարան ունեցող լրատվամիջոցներում, ինչպիսին է, օրինակ, The Sun-ը:

«Հայաստանը հիանալի երկիր է: Մի անգամ արձագուրդներին մեկնել էի այնտեղ: Հանդիպեցի Ազարին ու Կանտեին: Նրանք երկուսն էլ գնացել էին՝ իրենց տատիկ-պապիկներին տեսնելու»,- գրել է մի երկրպագու:

«Կեպան ԴՆԹ թեստ է հանձնել: Պարզվում է նա 62%-ով հայ է»,- գրել է մյուսը:

«Ժիրուն ու Լուիսը նույնպես այնտեղ բարեկամներ ունեն, որոնց հաճախ են այցելում».- գրել է եւս մեկը:

«Ազարը մայրական կողմից հայ է»,- գրել է մեկ ուրիշը:

Երկրպագուները թեմայի մեջ են «ներքաշել» նաեւ ամերիկյան ռեալիթի-շոուների աստղ Քիմ Քարդաշյանին:

«Քիմ Քարդաշյանն ակնհայտորեն Կանտեի կնքամայրն է»,- գրել է մեկը:

Ոմանք էլ Քարդաշյանին «քննադատել» են այս իրավիճակում Մխիթարյանի կողքին չլինելու համար:

«Հայ ես, երբ հարմար է, իսկ այս խնդրի վերաբերյալ լռում ես: Դու խայտառակություն ես քո ֆեդերացիայի համար»,- գրել է երկրպագուն:

«Ստորագրահավաք եմ սկսում՝ պահանջելով, որ Քարդաշյաններն ու Ջեներները գնան Բաքու ու երկրպագեն «Արսենալին»՝ գնելով բոլոր մնացած տոմսերը եւ Մխիթարյանի մարզաշապիկները բաժանելով երկրպագուներին»,- գրել է հերթական երկրպագուն:

Ավելի վաղ Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակի մասին խոսել էին ինչպես թիմի գլխավոր մարզիչ Ունաի Էմերին, այնպես էլ ֆուտբոլիստները: Էմերին նշել էր, որ շատ է ցավում, սակայն չի կարող ստիպել խաղացողին գնալ թիմի հետ: Ստեֆան Լիխշտայներն ու Ալեքս Իվոբին ընգծել են, որ նրա բացակայությունը մեծ կորուստ է: Թիմի ավագ Լորան Կոսյելնին էլ ընդգծել է, որ Եվրոպա լիգայի 2018-19 մրցաշրջանի եզրափակիչը չպետք է անցկացվեր Բաքվում: