Ինչպես երեւում է, Մեծ Բրիտանիայում Ադրբեջանի դեսպան Թահիր Թաղիզադեհին սկսել է անհանգստացնել «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակը: Նա հարցազրույց է տվել բրիտանական հեղինակավոր The Sky Sports պարբերականին ու խոսել է մայիսի 29-ին Բաքվում կայանալիք Եվրոպա լիգայի 2018-19 մրցաշրջանի «Չելսի»-«Արսենալ» եզրափակչի մասին: Նա նշել է, որ, եթե Հենրիխ Մխիթարյանը ցանկանում է ֆուտբոլ խաղալ, թող գնա Բաքու:

«Սա կարեւորագույն իրադարձություն է, եւ, եթե մեր նպատակը սրա շուրջ խաղեր խաղալն է, դա այլ հարց է, բայց քեզ աշխատավարձ են տալիս որպես ֆուտբոլիստի, ոչ թե որպես քաղաքական գործչի, եկ այլ բաները մի կողմ թողնենք: Իմ ուղերձը Մխիթարյանին հետեւյալն է. դու ֆուտբոլիստ ես: Ցանկանում ես ֆուտբոլ խաղալ, գնա Բաքու, դու այնտեղ ապահով կլինես: Եթե ուզում ես խաղեր խաղալ սրա շուրջ, դա այլ պատմություն է: Ես կարող եմ վստահեցնել, որ Ադրբեջանի իշխանությունները կանեն այն ամենը, ինչ անհրաժեշտ է յուրաքանչյուր երկրպագուի, խաղացողի եւ անձնակազմի անդամի անվտանգությունն ապահովելու համար»,- ասել է նա՝ ավելացնելով, որ ուրախ կլիներ հանդիպել Մխիթարյանի հետ ու երաշխիքներ տալ նրան:


Դեսպանը լրատվամիջոցին նաեւ ասել է, թե այս խնդիրը ստեղծվել է, քանի որ Մխիթարյանը եղել է Արցախում: Նա ասել է, թե իբր Մխիթարյանն Արցախ գնալու համար պետք է Ադրբեջանից թույլտվություն ունենար: Ավելացրել է, որ ամեն դեպքում Մխիթարյանին երաշխիքներ կտան:

Առայժմ հայտնի չէ՝ Մխիթարյանը կմեկնի Բաքու, թե՝ ո՛չ: Ակումբի ղեկավարությունը պետք է որոշում կայացնի այս շաբաթ: «Արսենալն» ու ՈՒԵՖԱ-ն Մխիթարյանի համար անվտանգության երաշխիքներ են սպասում Բաքվից: «Զինագործների» երկրպագուներն էլ իրենց հերթին են պտրաստվում: Նրանք ակցիա են անելու Մխիթարյանի պատվի, եթե նա չգնա մրցավայր. հանդիպման 7 եւ 77-չդ րոպեներին բարձրացնելու են նրա դեմքով դիմակները: