Բելառուսի մայրաքաղաք Մինսկում անցկացվող Եվրոպական խաղերի շրջանակներում Հայաստանը ներկայացնող 52 կգ քաշային սամբիստ Տիգրան Կիրակոսյանը նվաճեց ոսկե մեդալ։

Վճռորոշ գոտեմարտում հայ սամբիստը մրցեց Ադրբեջանի ներկայացուցիչ Ագհասիֆ Սամադովի հետ և 4։0 հաշվով հաղթանակ տարավ։

Տիգրան Կիրակոսյանը պայքարն սկսել էր 1/4 եզրափակիչից, որտեղ վստահ հաղթանակ էր տարել Ուկրաինայի ներկայացուցիչ Ռոման Բրատչենկոյի նկատմամբ՝ 7։0։ Կիսաեզրափակիչ փուլում Կիրակոսյանն առավելության էր հասել Ռուսաստանի ներկայացուցիչ Անդրեյ Կուբարկովի նկատմամբ (3։3):

Ավելի վաղ արծաթե մեդալակիր էր դարձել սամբիստ Դավիթ Գրիգորյանը, իսկ Արսեն Ղազարյանը՝ բրոնզե:

Եվրոպական երկրորդ խաղերին մասնակցում են 50 երկրի մոտ 4000 մարզիկներ: Եվրոպական խաղերի շրջանակում անցկացվում են երկու մարզաձևի Եվրոպայի առաջնություններ, իսկ 8 մարզաձևերը կլինեն Տոկիոյի 2020 թվականի Օլիմպիական խաղերի համար որակավորում տվող:

Հայաստանը Եվրոպական երկրորդ խաղերին մասնակցում է 37 մարզիկով: