«Բարսելոնան» պատրաստ է նոր առաջարկ անել Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ին բրազիլացի հարձակվող Նեյմարի տրանսֆերի վերաբերյալ։ Կատալոնական ակումբը պատրաստ է փարիզյան ակումբին տրամադրել բրազիլացի կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոյի եւ ֆրանսիացի հարձակվող Ուսման Դեմբելեի տրանսֆերները, նաեւ վճարել 40 միլիոն եվրո, հաղորդում է իսպանական AS-ը։

ՊՍԺ վերադարձած Նեյմարը հանդիպել է ակումբի ղեկավարության հետ եւ հայտնել «Բարսելոնա» վերադառնալու ցանկության մասին։

ՊՍԺ-ն ցանկանում է ստանալ 222 միլիոն եվրո։ Այդքան էր ֆրանսիական ակումբը վճարել Նեյմարի համար 2017 թվականին։ Սակայն Մադրիդի «Աթլետիկոյին» ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համար 120 միլիոն եվրո վճարած «Բարսելոնան» չի կարող 222 միլիոն եվրո վճարել Նեյմարի համար, քանի որ կխախտի ֆինանսական արդար խաղի կանոնները։ Բայց այդ «Բարսելոնայի» նախագահը խոստովանել էր, որ Գրիզմանի տրանսֆերի համար 35 միլիոն եվրո վարկ են վերցրել։