Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «BBC Football Daily»-ի շրջանակներում խոսել է Եվրոպա լիգայի եզրափակիչը բաց թողնելու և տրանսֆերային շշուկների մասին։

Եվրոպայի լիգայի եզրափակիչը բաց թողնելու մասին

«Բարդ էր ընդունել այդ փաստը, քանի որ դա այն հարցերից է, որը չես կարող լուծել։ Եվ հարցը ո՛չ քո մեջ է, ո՛չ «Արսենալ»-ի․ դա քաղաքալան հարց է։ Ափսոս է, որ չմասնակցեցի այդ հանդիպմանը։ Դա այնպիսի հնարավորություն է, որը, հնարավոր է, կյանքում մեկ անգամ տրվի։ Հիանալի կլիներ մեկնել և խաղալ։ Չեմ կարող ասել՝ ինչպես դա կազդեր արդյունքի վրա, բայց մի բան այլ կլիներ»։

Նոր մրցաշրջանի մասին

«Նախորդ մրցաշրջանի վերջում թիմում բոլորը ոգևորված էին, երբ 5-6 խաղ էր մնացել, քանի որ հնարավորություն կար հայտնվել Անգլիայի առաջնության լավագույն քառյակում: Ցավոք, չստացվեց: Մինչև վերջին րոպեն հավատում էինք, իհարկե, հիասթափեցնող էր: Այնուհետև, մենք ևս մեկ հնարավորություն ստացանք Եվրոպա լիգայում, սակայն չկարողացանք հաղթել «Չելսի»-ին և նվաճել Չեմպիոնների լիգայի ուղեգիր: Այս տարի թիմում նոր էներգիա կա, շատ ուրախ ենք, որ նոր համալրումներ կան, անհամբերությամբ սպասում ենք նոր մրցաշրջանին, հույս ունենք, որ նոր ֆուտբոլիստները կօգնեն հասնել մեր նպատակներին, քանի որ մրցաշրջանը շատ երկար է»:

Տրանսֆերային շշուկների մասին

«Երբեմն տրանսֆերային շշուկները ինձ ծիծաղեցնում են, երբեմն չեմ հասկանում, թե որտեղից են վերցնում այս կամ այն տեղեկությունը: Բայց պետք է հետևել լուրերին, որպեսզի տեղյակ լինես ամեն ինչից: Երբ պետք է նոր ֆուտբոլիստ գա, մենք հետևում ենք լրատվամիջոցներին, որովհետև այդ թեման հանդերձարանում չի քննարկվում: Մենք ուրախ ենք նոր տրանսֆերների համար: Բայց կեղծ տեղեկություններ տարածելը ճիշտ չէ»։