Թաիլանդի Պատտայա քաղաքում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնության 109 կգ քաշայինների պայքարում աշխարհի չեմպիոն հռչակված Հայաստանի ներկայացուցիչ Սիմոն Մարտիրոսյանը մեկնաբանել է իր մրցելույթը․ «Շնորհավորում եմ բոլորին։ Սա միայն մեր հաղթանակը չէ, սա ողջ ազգի հաղթանակն է։ Շնորհակալ եմ բոլորին՝ բարեմաղթանքների ու շնորհավորանքների համար։ Ինձ համար կարևոր էր չեմպիոն դառնալ՝ ապացուցելու համար, որ ես եմ ու ես եմ լինելու։ Աստված տա, որ գա Սիմոն Մարտիրոսյանի դարաշրջանը։ Կարևորը ոչ թե չեմպիոն դառնալն է, այլ տիտղոսը պահպանելը։ Աստված տա՝ ամեն ինչ ստացվի, կարևորն առանց վնասվածքների։

Երեկվա մրցելույթիցս ասեմ, որ երկրորդ մոտեցմանս ձախողման պատճառն այն էր, որ հրում վարժությունում Էլ մոտիվացում չկար, արդեն հաղթել էի։ Տեսաք, պոկում վարժությունում գնացի արեցի, իսկ հրումում արդեն ամեն ինչ արել էի։ Միանշանակ այս կիլոգրամները բավական չեն լինի Տոկիոյի օլիմպիական խաղերի չեմպիոն դառնալու համար։ Ես ավելի լավ եմ նախապատրաստվելու խաղերին։ Դա ավելի լուրջ առաջնություն է, օլիմպիական խաղերն են՝ բոլոր մարզիկների երազանքն ու նպատակը։ Միանշանակ՝ էլ ավելի լավ եմ նախապատրաստվելու։ Ինձ թվում է 200 կգ պոկում ու 245 կգ հրումը բավական կլինի, որպեսզի հաղթանակի հասնեմ։ Դա իմ ուժերի սահմանում է»։