Սաուդյան Արաբիայում նոյեմբերի 15-ին Արգենտինայի ազգային հավաքականն ընկերական հանդիպում անցկացրեց Բրազիլիայի հավաքականի հետ:

Հանդիպման դրվագներից մեկում Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Տիտեն խաղի գլխավոր մրցավարից պահանջեց դեղին քարտ ցույց տալ արգենտինացուն, ինչին ի պատասխան՝ Մեսին ձեռքի շարժումով հորդորեց Տիտեին լռել:

«Ես պահանջեցի մրցավարից, որպեսզի նա դեղին քարտ ցույց տա Մեսիին, քանի որ այդ դրվագում նա պետք է զգուշացվեր: Մեսին նայեց ինձ և ասաց, որ ձայնս կտրեմ: Այլևս չեմ ցանկանում խոսել այս թեմայով»,- հանդիպման ավարտից հետո ասել է Տիտեն:

Հիշեցնենք, որ Արգենտինայի հավաքականը նվազագույն՝ 1:0 հաշվով հաղթանակ է տարել Բրազիլիայի նկատմամբ: Արգենտինայի հաղթական գոլը խփել է Լիոնել Մեսին: