Դուբայի շեյխ Սաիդ բեն Մաքթում ալ-Մաքթումի նախկին կինը նախօրեին տեսանյութ է հրապարակել, որտեղ օգնություն է աղերսում՝ պատմելով, որ նախկին ամուսնուն լքելուց ի վեր հետապնդում են իրեն, գրում է Daily Mail-ը։

Ինչպես մանրամասնում է աղբյուրը, Դուբայի շեյխի նախկին կինը՝ Զեյնաբ Ջավադլին, նախօրեին մի շարք տեսանյութեր է հրապարակել՝ պնդելով, որ շեյխը բաժանությունից հետո դժոխքի է վերածել իր կյանքը և փորձում է խլել իրենց երեխաներին։

Տեսանյութերից մեկում 29-ամյա Ջավադլին պնդում է, որ իր տան մոտակայքում գտնվող մարդիկ «կապ ունեն իր ամուսնու հետ և իր հետևից են եկել»։

«Ես չեմ կարող իմ երեխաներին օտար մարդկանց տալ։ Ահա թե ինչպես են վարվում ինձ հետ։ Ոչ մի օրենք չի գործում»,- ասել է նա։

Նա նաև պնդել է, որ վերջին ինը ամիսների ընթացքում հետապնդումների, ֆիզիկական և հոգեբանական բռնությունների է ենթարկվել։

MailOnline-ի հետ զրույցում Ջավադլիի ընկերուհիներից մեկը հայտնել է, որ «նա ստիպված է եղել փակվել սենյակում, քանի որ անհայտ անձինք փորձել են խլել իր երեխաներին և նրանց պալատ վերադարձնել: Մենք բոլորս շատ ենք անհանգստանում, քանի որ արդեն մի քանի ժամ է՝ նրանից տեղեկություն չունենք»։

Ադրբեջանցի Ջավադլին նախկին մարմնամարզուհի է, աշխարհի և Եվրոպայի առաջնությունների մրցանակակիր:

Նա շեյխ Սաիդ բեն Մաքթում ալ-Մաքթումի հետ ամուսնացել է 2015 -ին և բաժանվել ինը ամիս առաջ։