Հադրութեցի ընտանիքը հոկտեմբերի 9-ից հոր՝ Արսեն Ղարախանյանի վերաբերյալ ոչ մի տեղեկություն չուներ։ Նա համարվում էր անհետ կորած։ Հունվարի 6-ին ադրբեջանական կողմի տարածած տեսանյութում, նրա կինն ու երեխաները տեսել ու ճանաչել են հորը։ Այլ մանրմասներ ընտանիքին հայտնի չէ։ 44-ամյա տղամարդը չորս երեխաների հայր է, ընտանիքը պատերազմից հետո կորցրել է Հադրութում գտնվող տունը, գերեվարվել էր ընտանիքի պապը, որը դեկտեմբերի 15-ին հայրենիք վերադարձած գերիների թվում է։ Իսկ արդեն Արսենի գործով ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչները կդիմեն եվրոպական դատարան։ Հիշեցնենք, որ երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եռակողմ հանդիպման ավարտին հայտարարեց, որ գերիների հարցը լուծել չի հաջողվել՝ չնայած նրան, որ մինչ հանդիպման գնալը խոսնակի միջոցով հավաստիացնում էր, թե հայկական կողմի համար առաջնային է լինելու գերիների վերադարձի հարցը․

«Ցավոք, մեզ այսօր չհաջողվեց լուծել գերիների հարցը, ինչը ամենազգայուն ու ցավոտ հարցն է: Այն հումանիտար հարց է, և մենք պայմանավորվել ենք շարունակել աշխատանքն այս ուղղությամբ, սակայն մենք կարծում ենք, որ կոնկրետ մեր համատեղ հայտարարության 8-րդ կետն ամբողջությամբ չի իրականացվում: Ես հույս ունեմ, որ մենք կարճ ժամկետներում կկարողանանք հասնել կոնկրետ լուծումների»,-ասաց Փաշինյանը։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը ոչ բավարար է գնահատում իշխանությունների աշխատանքը գերիների վերադարձի ուղղությամբ։

Նա հարց է հնչեցնում՝ ինչու է հայկական կողմը տարածքների վերաբերյալ բանակցում, երբ բաց է մնում հումանիտար հարցը․ «Ես կարծում եմ, որ մեծ հաշվով մեր իշխանությունները գերիների հարցով շահագրգռված չեն, եթե չէին կարողցանում հումանիտար հարցով պայմնավարվածություն ձեռք բերել կողմի հետ, ապա ինչու է տարածքների զիջման գնում, եթե հումանիտար հարցը, որի կողքին է ողջ միջազգային հանրությունը, Ադրբեջանը հաշվի չի նստում ՀՀ-ի հետ, ինչու է ՀՀ-ն հաշվի նստում Ադրբեջանի պահանջների հետ»։ Ըստ իրավապաշտպանի՝ Հայաստանն ունի ապացույցներ, որ այժմ Ադրբեջանում նվազագույնը 130 հայ գերիներ են պահվում, բայց Ադրբեջանը հաստատում է գերիների շատ փոքր թիվ միայն։ Գերիների հարցով զբաղվում են և՛ Կառավարության ներկայացուցիչը, և՛ իրավապաշտպաններ Արտակ Զեյնալյանն ու Սիրանուշ Սահակյանը։

Վերջիններն այս պահի դրությամբ եվրոպական դատարան են ներկայացրել 80-ից ավելի գործեր։ Իրավապաշտանի հավաստմամբ՝ եթե սկզբնական շրջանում Ադրբեջանը հակված էր գերիների և նրանց ընտանիքի անդամների միջև կապ ապահովել, ապա նոյեմբերի 9-ից հետո հնարավոր բոլոր մեթոդներով խոչընդոտում է այս գործընթացներին։ Եռակողմ հայտարարության ստորագրումից հետո Հադրութի շրջանի Խծաբերդ-Հին Թաղեր գյուղերի դիրքերում գերեվարվեցին 74 պահեստազորայիններ։ Ադրբեջանը նրանց ոչ թե ռազմագերի, այլ որպես հանցագործ է ներկայացնում։

Իրավապաշտպանը նշում է՝ Ադրբեջանը նրանց անհապաղ հայրենիք վերադարձնելու պարտականություն ունի և դրա ձգձգումը որակվում է որպես պատերազմական հանցագործություն։ Պատերազմի ընթացքում և դրանից հետո Եվրոպական դատարան Հայաստանից ավելի քան 200 գերիների վերաբերյալ դիմումներ են ստացվել, որոշներն Ադրբեջանի կողմից անպատասխան են մնացել։ Հայկական կողմին մինչ այժմ վերադարձվել է 58 հայ գերի, որոնց թվում եղել են նաև քաղաքացիական անձինք։ Մանրամասները՝ factor.am-ի տեսանյութում։