Այսօր Երևանի Աջափնյակ և Դավթաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Անի Մխիթարյանի նախագահությամբ, կայացավ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանն ընդդեմ Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանի դեմ հայցադիմումի գործով առաջին նախնական նիստը:

Սուրիկ Խաչատրյանը հայց էր ներկայացրել ընդդեմ Սամվել Հարությունյանի առ այն, որ վերջինս լրատվության միջոցով հրապարակայնորեն իր անձը զրպարտող փաստացի տվյալներ է հրատարակել:

Հայցվորի ներկայացուցիչ Մարտին Զիլֆուղարյանը ներկայացրեց դատարանին պատասխանող Սամվել Հարությունյանի կողմից «Առավոտ» օրաթերթի 2013 թվականի հունիսի 12-ին լույս տեսած այն հոդվածը, որում Սուրիկ Խաչատրյանը որակվում է որպես գող, մարդասպան, ով սպանել էր իր դեռ չծնված երեխային, ինչպես նաև մեղադրվում էր բռնաբարության մեջ: Ներկայացուցչի խոսքերով` հոդվածն ամբողջությամբ զրպարտություն է, սակայն իր վստահորդ Սուրիկ Խաչատրյանն անդրադարձել է միայն այն երկու կետերին, որոնցում իրեն պատասխանողն անվանել է մարդասպան և բռնաբարող: Զիլֆուղարյանը խնդրեց դատարանին` պատասխանողի նվազագույն աշխատավարձի 1500-ապատիկի չափով տույժ սահմանել:

Պատասխանող Սամվել Հարությունյանի ներկայացուցիչ Մուշեղ Շուշանյանի դիտարկմամբ` հայցվորի ներկայացուցիչը բավարար հասկանալի փաստեր չէր ներկայացրել, և իր համար պարզ չէր, թե որն է հայցի հիմքը:

Դատական նիստը, սակայն, չշարունակվեց, քանի որ պաշտպան Շուշանյանը դատարանի ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքին, որ գործով հայցվորը Սուրեն Խաչատրյանն է, իսկ ներկայացուցչին լիազորված անձը` Սուրիկ Խաչատրյանը: Ելնելով այս հանգամանքից` հնարավոր չէր պարզել առանց հայցվորի ներկայության, վերջինիս ինքնությունը, և դատարանը դատական նիստը հայտարարեց փակված և հաջորդ նիստը նշանակեց սույն թվականի հոկտեմբերի 24-ին:

Դատական մյուս նիստերին ներկա կգտնվի նաև հայցվոր Խաչատրյանը: