Այսօր Երևանի Աջափնյակ և Դավթաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանում Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանն ընդդեմ Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանի դեմ հայցադիմումի գործով առաջին նախնական նիստի մեկնարկին նախագահող դատավոր Անի Մխիթարյանը նիստերի դահլիճում ներկա լրագրողներին հարցադրում արեց, թե արդյոք նրանք ներկայացնելու՞ են դատն այնպես, ինչպես կա, թե՞ հրապարակելու են իրենց վերաբերմունքն արտահայտելով: Դատավոր Մխիթարյանն այս նիստը, կարծես տարանջատեց քաղաքացիական մյուս նիստերից:

Մեջբերում` «Նիստը կսկսվի լրագրողներին զգուշացնելուց հետո, որ նման տիպի դատական նիստերը լուսաբանելիս` պետք չի անել մեկնաբանություններ: Գրեք տեղեկատվության սահմաններում: Նորից եմ ասում, եթե պետք է մեկնաբանեք սույն դատական նիստն այնպես, ինչպես դուք եք հասկանում և պատկերացնում, ես ստիպված եմ ձեզ զգուշացնել` ներկայացնեք բացառապես տեղեկատվական. էդպեսա՞ լինելու...»:

Փաստորեն` նախագահողը կանխակալ առանձնացրեց այս գործը մյուսներից: Նիստերի դահլիճում ներկա «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» իրավական լրատվական կայքի թղթակից Ժաննա Ալեքսանյանը հարցրեց դատարանին` արդյոք դատարանը խոստովանություն է պահանջում լրագրողներից, և հայտնեց, որ լրագրողներն իրենց գործը պրոֆեսիոնալ են անում:

Պատասխանող Սամվել Հարությունյանի ներկայացուցիչ Մուշեղ Շուշանյանը լրագրողների հետ առանձնազրույցում ասաց, որ նախագահողը ակամայից ընդունեց, որ այս գործն առանձնահատուկ է և կանխակալ տարանջատեց մյուս գործերից:

Պաշտպանը հայտնեց նաև, որ իր վստահորդ Սամվել Հարությունյանը բազում այլ հոդվածներ է տպագրել Սուրիկ Խաչատրյանի մասին, սակայն չգիտես` ինչու հայցվորն անդրադարձել է միայն այս մեկին` այստեղ էլ առանձնացնելով մի քնաի կետ: «Սամվել Հարությունյանը փաստերի հիման վրա Սուրիկ Խաչատրյանին ինչ-ինչ հանցանքների մեջ է մեղադրել: Չգիտես` ինչու Սուրիկ Խաչատրյանը նպատակահարմար է գտել հենց այս երկու դրվագներն առանձնացնել և զրպարտություն է դիտել հենց այս երկու դրվագը: Անձամբ ինձ մոտ հարցեր են առաջանում` արդյոք մյուս մեղադրանքներն ինքն ընդունում է և դրանց մասնակիցն է»,- իր խոսքում նշեց Շուշանյանը` ավելացնելով, որ դրանք պետք է իրավապահ մարմինների կողմից քննվեին: Պաշտպանը նաև հայտնեց, որ իր վստահորդ Հարությունյանն ունի բավականաչափ ապացույցներ, որոնք, սակայն, նրա շահերից ելնելով, հրապարակել չի կարող:

Մանրամասները` տեսանյութում: