Խաչքարագործը խաչքար է կերտում` վերապրելով պատմությունը, հիշելով նախնիների անցած ուղին:
«Վերածնված»-ը խաչքարագործության մասին պատմող երիտասարդ ռեժիսոր Շողեր Պետրոսյանի հեղիանակային ֆիլմն է , որը պատմում է խաչքարագործի և խաչքարի միջև ներքին կապի ու այն ճանապարհի մասին, որն անցնում է խաչքարագործը խաչքար կերտելիս:
« Երկար ժամանակ էի մտածում վավերագրական ֆիլմ նկարահանելու մասին: Բազմաթիվ գաղափարներ ունեի, սակայն ընտրեցի հենց խաչքարագործությունը, որովհետև այն մեր ազգային մտածողության կարևոր տարրերից մեկն է», -նշում է Շողերը:
Ֆիլմը վավերգրական-խաղարկային է: Այն զարգանում է երկու գլխավոր հերոսների՝ խաչքարագործ Արտակ Համբարձումյանի և պատանու (Վահե Սաֆարյանի) միջոցով: Պատանին ամբողջ ֆիլմի ժամանակ անցնում է մի ճանապարհով, որը դառնում է խաչքարի ստեղծման ճանապարհը, իսկ Արտակ Համբարձումյանն այդ ընթացքում շարունակում է կերտել իր հերթական աշխատանքը:
Ֆիլմի նախատատրաստական աշխատանքները տևել են մոտ երկու ամիս, իսկ ֆիլմը նկարահանվել է չորս օրում:
« Ինձ համար այդ ընթացքում կարևոր էր, որ կային մարդիկ, ովքեր հավատացին իմ գաղափարին, սցենարին և աշխատեցին ինձ հետ: Իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում նրանց`հուսալով , որ նրանք ֆիլմից հոգևոր մասնիկ տարան իրենց հետ» - հավելում է ռեժիսորը: