«Եվրատեսիլ-2016»-ի հայաստանյան մասնակից Իվետա Մուկուչյանը մրցույթին ընդառաջ ներկայացնում է իր “LoveWave” երգի նոր քավր տարբերակը: Էթնիկ մոտեցմամբ, ջազ-ռոքային էլեմենտներով քավրն իրականացվել է «Միքայել Ոսկանյան և ընկերներ» բենդի և Իվետա Մուկուչյանի համատեղ աշխատանքի արդյունքում:

Իվետա Մուկուչյանի խոսքով` երգի նոր տարբերակը ամբողջությամբ այլ զգացողություններ է իր մեջ արթնացնում, նոր ու ազատ վիճակ: «Երբ որոշեցինք, որ մրցութային մեր երգը ցանկանում ենք նաև նոր տարբերակով ներկայացնել, միանգամից եկանք այն եզրահանգման, որ այս տարբերակում անհրաժեշտ է ներառել հայկական էլեմենտներ: Հենց այդ պատճառով էլ սկսեցինք համագործակցել «Միքայել Ոսկանյան և ընկերներ» բենդի հետ և պետք է ասեմ, որ այս համագործակցությունն ուղղակի հիանալի ստացվեց»,- նշում է Իվետա Մուկուչյանը` հույս հայտնելով, որ այս տարբերակը ևս կսիրվի` ներառելով այլ երաժշտական ճաշակ ունեցող երաժշտասերներին:

Միքայել Ոսկանյանի խոսքով` չափազանց հաճելի է համագործակցությունը Իվետա Մուկուչյանի նման պրոֆեսիոնալ երգչուհու հետ: «Մեզ համար շատ հետաքրքիր էր նման աշխատանքը, մեզ համար էլ նորույթ էր: Երբ լսեցինք երգը, կասկածներ ունեինք, թե ինչպես կարելի է նոր տարբերակ ստանալ, բայց որոշ ժամանակ անց, փորձերի ընթացքում որոշեցինք այնպես կառուցել երգի սխեման, որ լինի տարբերվող, սակայն նաև հիշեցնի երգի օրիգինալ տարբերակը»,- նշում է Միքայել Ոսկանյանը:

Առաջիկա օրերին կհրապարակվի նաև “LoveWave” երգի ռեմիքսը:
Հիշեցնենք, որ մայիսի 1-ին «Եվրատեսիլ-2016»-ի հայաստանյան պատվիրակությունը կմեկնի Ստոկհոլմ, որտեղ արդեն նախատեսված են մրցույթի մասնակիցների փորձերը, տարբեր հանդիպումներ կազմակերպիչների, միջազգային մամուլի ներկայացուցիչների հետ:

«Եվրատեսիլ-2016»-ը կկայանա մայիսի 10-ին, 12-ին և 14-ին Ստոկհոլմում: Հայաստանը ելույթ կունենա առաջին կիսաեզրափակիչ փուլի ընթացքում` 7-րդ համարի ներքո: