Ղազախստանի նախագահ Քասիմ Ժոմարտ Տոկաևն աշխատանքից հեռացրել է Շիմքենտի քաղաքապետ Գաբիդուլլա Աբդրախիմովին: Այս մասին հայտնում է Life.ru-ն՝ հղում անելով երկրի ղեկավարի մամլո ծառայությանը:

Անցյալ շաբաթ Աբդրախիմովն Ինստագրամի ի էջում տեսանյութ էր հրապարակել Լոնդոնից, որտեղից ողջույն էր փոխանցում իր հետևորներին: Տեսագրության մեջ քաղաքապետը հայտարարել էր, որ «պետք է աշխատել և ապրել Ղազախստանում ու ճամփորդել աշխարհով մեկ»:

Հոլովակը բուռն արձագանք է ստացել սոցցանցում: Որոշ օգտատերեր քաղաքական գործչին մեղադրել են պարծենկոտության մեջ և կոչ են արել համեստ լինել:

Նշվում է, որ Լոնդոնում նա գործուղման մեջ է եղել:

Երկրի նախագահի աշխատակազմի ղեկավարի խոսքով՝ Աբդրախիմովը սպառել է իր նկատմամբ ցուցաբերված վստահությունը: Նա հավելել է, որ շրջանային ղեկավարները պետք է լինեն ժողովրդի իրական ծառաներ և իրենց պատշաճ կերպով դրսևորեն: