Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավարը նախազգուշացրել է երկրներին, որոնք ցանկանում են թուլացնել համաճարակի պատճառով կիրառված սահմանափակումները, պատրաստ լինեն արագ արձագանքել երկրորդ բռնկմանը, փոխանցում է AP-ն:

Թեդրոց Ադհան Գեբրեյեսուսը G-20-ի առողջապահության նախարարների վիրտուալ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ իրեն «հուսադրում է» այն փաստը, որ ոմանք «սկսում են պլանավորել` ինչպես թուլացնել սոցիալական սահմանափակումները». «Շատ կարեւոր է, որպեսզի այդ միջոցառումները փուլային գործընթաց լինեն»:

Ըստ նրա` «սահմանափակումների վերացումը համաճարակի վերջ չի նշանակում որեւէ երկրում. դա միայն հաջորդ փուլի սկիզբն է»: Նա նշել է, որ «հաջորդ փուլում շատ կարեւոր է, որպեսզի երկրներին սովորեցնեն, ներգրավեն եւ ընդլայնեն դրանց քաղաքացիների հնարավորությունները` երկրորդ բռնկումը կանխելու եւ դրան արագ արձագանքելու համար, որպեսզի նրանք կարողանան բացահայտել, թեստավորել, մեկուսացնել եւ հոգ տանել յուրաքանչյուր դեպքի մասին, ինչպես նաեւ` հետեւել յուրաքանչյուրի շփումներին եւ որպեսզի դրանց առողջապահական համակարգերը կարողանան դիմակայել դեպքերի աճին»:

ԱՀԿ գլխավոր տնօրենը նաեւ անհանգստություն է հայտնել աղքատ երկրներում համաճարակի աճող տեմպերի կապակցությամբ, որոնք չունեն բավարար ռեսուրսներ` մեծ բռնկման դեմ պայքարելու համար: Նա նաեւ կոչ է արել նախարարներին «շարունակել վճռականորեն պայքարել համաճարակի դեմ ՝ առաջնորդվելով գիտությամբ եւ ապացույցներով»: