«Շատերի մոտ կարող է հարց առաջանալ՝ ինչո՞ւ է նման իրավիճակում թուլացվում սահմանափակումն ու, միևնույն ժամանակ, երկարաձգվում արտակարգ դրությունը»,- ԱԺ-ում հայտարարեց փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը։

Նա նշեց, որ սահմանափակումները փուլային տարբերակով մեղմելու որոշումները պայմանավորված էին առողջապահական համակարգի պատրաստվածությամբ ու օրեցօր աճող սոցիալ-տնտեսական խնդիրներով․ «Ակնհայտ էր, որ դրանք անհնար էր անորոշ ժամկետով պահպանել, ուստի լուծումը՝ հստակ կանոնների պահպանման, կորոնավիրուսի հետ ապրել սովորելն է»։

Փոխվարչապետը նշեց՝ նախատեսվում է, որ մայիսի 18-ից հանրային տրանսպորտն ամբողջությամբ կգործի, կվերաբացվեն առևտրի իրականացման վայրերը, հանրային սննդի օբյեկտները ծառայություններ կմատուցեն նաև փակ տարածքներում։ Կվերաբացվեն նաև նախակրթարանները։ Ավինյանը հավելեց, որ մայիսի 25-ից պարտադիր է դառնում ոչ միայն հանրային փակ, այլև բաց վայրերում դիմակներ կրելը։ Կանոնը խախտողներին ոստիկանությունը կտուգանի։