Արդեն մի քանի ամիս է, ինչ Երևանի բուսաբանական այգում նորոգման աշխատանքներ են ընթանում։

«Բնության համաշխարհային հիմնադրամի» (WWF) և «Գերմանական համագործակցության» (GIZ) ֆինանսավորմամբ ամբողջությամբ վերակառուցվում է այգու էկոկրթական կենտրոնը, որը շուտով կհամալրվի ժամանակակից լուծումներով և հնարավորություն կտա կազմակերպել ամառային դպրոցներ, գիտաճանաչողական դասընթացներ։ Իրականացվելու է նաև կենտրոնական ջերմոցի մասամբ վերանորոգում՝ կոտրված ապակիները փոխարինվելու են նորերով, կատարվելու են բիոտոպերի բարելավման աշխատանքներ, վերանորոգվելու են բիոտոպերի միջև ընկած նեղ արահետները, կատարվելու է ծառերի խոր էտ և ապակիներին խանգարող ճյուղերի հեռացում:

Միքայել և Կարեն Վարդանյանների ֆինանսավորմամբ վերակառուցվելու է այգու 13 հեկտար կոլեկցիոն աշխարհագրական (Կովկասի, Արևելյան Ասիայի, Եվրոսիբիրի, Հյուսիսային Ամերիկայի) հողամասերի տարածքում գտնվող ոռոգման ցանցը, որն ամբողջությամբ հնացել էր և չէր ծառայում իր նպատակին։ Տեղադրվելու է խորքային պոմպ, որն ապահովելու է մշտական ջրամատակարարում և ոռոգման ջրի զգալի խնայողություն։ Սա հնարավորություն կտա լուծել այգու ամենակարևոր մասի ջրամատակարարման խնդիրը։

Բուսաբանության ինստիտուտի տնօրեն Անահիտ Ղուկասյանը նշում է․ «Բուսաբանական այգին ունի ինչպես էկոլոգիական, այնպես էլ գիտական մեծ նշանակություն։ Այգին Երևանի ամենամեծ կանաչապատ զանգվածներից մեկն է, ինչպես նաև երևանցիների ամենասիրելի հանգստի վայրերից մեկը։ Ներկայումս կատարվող աշխատանքները շատ կարևոր են, սակայն դրանց ավարտվելուց հետո մենք երևանցիների աջակցության կարիքն ենք ունենալու կամավորության տեսքով։ Այգու վերածննդի մեկնարկը տրված է, սակայն ապագայում դեռ շատ աշխատանքներ պետք է իրականացվեն։ Վստահ եմ, որ միասին կարող ենք մեծ փոփոխությունների հասնել»։

Այս տարի լրանում է Բուսաբանական այգու 85 ամյակը։ Երևանի կիսաանապատային գոտում գտնվող Բուսաբանական այգին հիմնադրվել է 1935թ.-ին, ծառերից զուրկ 80 հա տարածքում` որպես գիտական, էկոկրթական, ուսումնական և ռեկրեացիոն նշանակության հաստատություն: Բուսաբանական այգին վերջին տասնամյակների ընթացքում չափազանց կարևոր աշխատանք է կատարում Հայաստանի բուսական աշխարհի հազվագյուտ ու անհետացող, ՀՀ Կարմիր գրքում գրանցված, էնդեմիկ ու ռելիկտ բուսատեսակների գենոֆոնդի պահպանության նպատակով:

ՀՀ ԳԱԱ Ա․ Թախտաջյանի անվան Բուսաբանության ինստիտուտ