Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում՝ տեսանյութին կից, գրել է․ «Քաղաքի ձեռք բերած նոր, կոմպակտ ավտոբուսների առաջին խմբաքանակն այսօրվանից սկսեց աշխատանքը:
26 համարի երթուղին, որը Աջափնյակի Լուկաշին թաղամասը քաղաքի կենտրոնով կապում է Նորք Մարաշի հետ, որոշակիորեն կթեթևացնի բնակիչների հոգսը: Առաջիկայում երթուղի դուրս կգան մնացած
ավտոբուսները, նոր երթուղիների մասին լրացուցիչ կտեղեկացնենք:
Մի քանի նկատառում ունեմ ուղևորներին.
Պետք է վճարել նստելիս։ Մետաղադրամ ընդունող սարքը «վերցնում է» միայն 100 դրամանոցներ։ Եթե չունեք 100 դրամանոց, վարորդը սկզբնական շրջանում կարող է մանրել, բայց խիստ ցանկալի է ունենալ 100-դրամանոցը։ Շուտով կունենանք նաև էլեկտրոնային վճարման համակարգ:
Ավտոբուսի սրահը տեսահսկվում է՝ ուղևորների և ընդհանրապես, երթևեկության անվտանգության նկատառումներից ելնելով։
Վարորդները հատուկ համազգեստով են, հատուկ հրահանգավորված են երթևեկության ընթացքում չծխելու եւ հեռախոսով չխոսելու պահանջի մասին։
Սիրելի երևանցիներ, տրանսպորտի ռեֆորմը իր բնականոն ընթացքի մեջ է: Միասին բոլոր խնդիրները լուծելու ենք՝ հաջորդաբար»: