Հայաստանի կառավարության շենքի մոտ արդեն մի քանի օր է շարունակվում է զորակոչիկների ծնողների բողոքի ակցիան, ովքեր պահանջում են զորացրել Արցախի պատերազմին մասնակցած իրենց որդիներին։ Դատելով նրանից, թե ինչ «ըմբռնումով» են իշխանությունն ու քաղաքական ուժերը վերաբերում այդ ակցիաներին, դա կարող է հիմք դառնալ առաջիկա ընտրարշավի համար։


Հայաստանում 2018 թվականին տեղի ունեցած հեղափոխության ժամանակ խոստանում էին՝ ձեզ թալանել են, հատկապես, ղարաբաղցիների կլանը, իսկ մենք կխլենք թալանածը և կբաժանենք ձեզ։ Անցել է մի քանի տարի, բայց դեռ ոչինչ չի բաժանվել, ավելին, չկա ոչ մի դատական ակտ։

Սակայն այդ թեզը հիմա արդիական չէ, չնայած իշխանությունը դեռ փորձում է երբեմն թարմացնել այդ խոստումները։ Հիմա, արյունալի պատերազմից 5 ամիս հետո, երբ դեռ չեն գտնվել անհայտ կորածները և զոհվածների աճյունները, շատերի համար արդիական է միայն մեկ հարց․ որպեսզի իրենց որդիներըչդառնան թնդանոթի միս։

Ըստ ամենայնի, այս հիմքով էլ կկառուցվեն քաղաքական ուժերի նախընտրական արշավները։ Եթե ղարաբաղցիները վերադառնան իշխանության, ապա ձեր զավակները կշարունակեն զոհվել հանուն Ղարաբաղի, ասում են շատերը, ովքեր հրաժարվել են և՛ Արցախից, և՛ հայկական ինքնիշխան պետականությունից։ Խաղալով մարդկանց զգացմունքների վրա, նրանք միայն փորձում են հասնել երանելի կերատաշտին։

Հնարավոր է ոչ ոք չի ուզի կամավոր իր որդուն ուղարկել բանակ, առավել ևս պատերազմող երկրում, սակայն դրա համար գոյություն ունի Սահմանադրություն, որտեղ սահմանված են իրավունքներ և պարտականություններ, որոնց համաձայն Հայաստանի բոլոր զինապարտները պետք է ծառայեն բանակում։ Այն, որ Հայաստանում ակցիաների միջոցով կարելի է հասնել զինվորների զորացրման, միայն Սահմանադրության խախտում չէ, որը թույլ է տալիս իշխանությունը։ Դա նման է բանակի և ընդհանրապես պետության դիտավորյալ ապակազմակերպման։

Զինծառայողների ծնողներին, ովքեր 44 օր տևած պատերազմի ժամանակ աննկարագրելի ապրումներ են ունեցել իրենց երեխաների համար, կարելի է հասկանալ։ Սակայն խնդիրը դա չէ, այլ իշխանության մտադրությունները բանակի և Արցախի վերաբերյալ, Հայաստանի պատասխանատվությունը երկրի անվտանգության համար և յուրաքանչյուրի պատասխանատվությունն առհասարակ։

Սրանք շատ կարևոր հարցեր են առաջիկա ընտրությունների համատեքստում։ Ցանկացած քաղաքական ուժ, որը կփորձի ընտրողներից այդ կերպ ձայներ պոկել, խոստանալով չուղարկել նրանց զավակներին Ղարաբաղ, Սյունիք կամ Սիրիա, պարտավոր կլինի պարզաբանել, թե ինչպես է այդ դեպքում պատկերացնում Հայաստանի անվտանգության պաշտպանությունը։ Արդեն հնչում են հայտարարություններ և՛ պաշտպանության նախարարի, և՛ քաղաքական կուսակցությունների կողմից, որ անվտանգության, պաշտպանության ապահովման համար անհրաժեշտ է ավելացնել ռուսական ռազմաբազաների թիվը Հայաստանում, և ընհանրապես, փոխանցել այդ հարցերը Ռուսաստանին։ «Դուք ուզում եք, որ սահմաններին կանգնած լինեն մեր որդինե՞րը, թե ռուս սահմանապահները», վրդովված հարցնում էր մի կուսակցապետ։

Աղբյուր՝ https://www.lragir.am/2021/03/23/629141/