Ադրբեջանը հրաժարվում է մեր ռազմագերիներին վերադարձնել, նրանց համարում է դիվերսանտ եւ դատում որպես հանցագործների: Առիթ փնտրում՝ խոչընդոտելու Արցախի բռնազավթած տարածքներից մեր զոհերի աճյունների որոնողական աշխատանքներին: Մեկ օր առաջ քարկոծել էին աճյուններ դուրս բերող մեքենաները, երկու օր առաջ՝ խաղաղ բնակիչների մեքենաները: Ալիեւը հոխորտում է վերադարձնել իրենց պատմական հողերը՝ Սյունիքը, Սեւանը, Երեւանը, եւ արդեն Մեղրիով թուրք-ադրբեջանական ճանապարհի, կապուղու ապագա բացումն է տոնում՝ որպես անխուսափելի իրողություն: Իսկ մեր իշխանությունը նման տրամադրություն, հաշվարկ ու ծրագիր ունեցողին բարեկամ է ուզում տեսնել: Մենք ուզում ենք, բայց արդյո՞ք ուզում են իրենք: Եթե ուզում են, ի՞նչ գնով ու պայմաններով, բարեկա՞մ, համագործակցող հարեւա՞ն, թե՞ հպատակ:
Էրդողանը ողջ Թուրքիայով մեկ հայտարարում է՝ փառք տալով իրենց ալլահին, որ կարողացան


Ղարաբաղն ազատագրել կեղտոտ զավթումից, կեղտոտ զավթիչներից: Իսկ այդ կեղտոտը մենք ենք: Մենք նաեւ ահաբեկիչ ենք, ավերող ու պղծող՝ ըստ Էրդողանի եւ մյուս բարձրաստիճան թուրք գործիչների: Այդ ամենն ինչպես Թուրքիայում, այնպես էլ Ադրբեջանում են ասում իրենց հասարակությանը, եւ այդ բնորոշումը հասարակ թուրք-ազերիի մեջ համոզմունք է, անշեղ հայացք: Իսկ մենք ասում ենք, որ սահմանին թուրքից էժան ձեթ ու կարագ կառնենք: Ցնծանք եւ ուրախանանք, սահմանները բացենք, թուրքն այլեւս թշնամի չէ: Մեր ԱԽՔ-ն՝ ի պատասխան այն հարցին, թե թուրքը թշնամի՞ է, ասում է, որ մեր հարաբերությունները պետք է վերանայենք թուրքերի հետ: Վարչապետը նույնն է ասում իր ձեւով՝ գայթակղելով առեւտրի, լավ ապրելու հեռանկարով: Իսկ այդ «լավն» ի՞նչ կարժենա եւ ի՞նչ կնստի մեզ վրա:

Թուրքիայի հետ սահմանը բացելու հաջորդ օրը թուրքական գյուղմթերքը, պտուղ-բանջարեղենն առատորեն լցվելու է Հայաստան, հեղեղելու հայկական շուկան՝ համեմատաբար էժան, գրավիչ տեսքով եւ ոչ պակաս որակյալ, քան մերն է: Հայկական գյուղատնտեսությունը պարզապես մեռնելու է՝ չդիմանալով անհամեմատ հզոր գյուղատնտեսություն ունեցող թուրքականին: Հայ գյուղացին բռնելու է արտագաղթի ճանապարհը՝ վազելով մոտիկ Ռոստով ու Կրասնոդար: Շահելու է մի բանում, տունն արագ կվաճառվի. գնորդը թուրքն է լինելու: Իսկ թուրքի աչքը միշտ էլ Արարատյան դաշտի վրա է եղել: Գալու են ու լցվեն՝ ինչպես նախկինում էր, եւ վերականգնելու են գյուղերի թուրքական անունները, եւ մի քանի տարի հետո մենք ազգային փոքրամասնություն ենք դառնալու մեր երկրում:

Այդպես է լինելու ոչ միայն Արարատյան դաշտում, այլեւ ամբողջ Հայաստանում: Տեքստիլ արտադրանքն է լցվելու, փակելու մեզ եւ մեր տնտեսության զարգացման հեռանկարն է թաղելու՝ սպանելով նաեւ եղածը: Թուրքը ինչը կարողանում է արյունով, ինչն էլ չէ, տնտեսական զոռբայությամբ է խլելու: 21-րդ դարում չպետք է լինեն փակ սահմաններ, եթե քո տնտեսությունն ու անվտանգությունը պատրաստ են, բայց մենք ո՛չ մեկն ունենք, ո՛չ էլ մյուսը:

Հուսիկ Արա