Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 16-ի նիստում փոփոխություններ և լրացում է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ «Մասրիկ-1» 55 ՄՎտ հզորությամբ արևային ֆոտովոլտային էլեկտրակայանի կառուցման ժամկետի փոփոխության համար:

Ըստ այդմ՝ առաջարկվում է «Մասրիկ-1» արևային ֆոտովոլտային կայանի կառուցման ժամկետ սահմանել 2023թ․ սեպտեմբերի 1-ը: Բացի այդ, որոշմամբ հնարավորություն կստեղծվի նաև կառուցելու շուրջ 150 կՎտ հզորությամբ լողացող արևային կայան:


Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը՝ Ֆրանսիայի կառավարության աջակցությամբ, ֆրանսիական Տրանսէներգիա (TRANSENERGIE) ընկերության հետ համատեղ իրականացնում է Հայաստանում առաջին արևային լողացող կայանի կառուցման առաջնեկային ծրագիր: Քանի որ արևային լողացող կայանների համար հզորության առանձին չափաքանակ նախատեսված չէ, առաջարկվում է որոշման մեջ ներառել 150 կՎտ հզորության չափաքանակը: