Այսօր Երևանի քաղաքապետարանի ասուլիսի էին մասնակցում Կոմիտաս 5-ի բնակիչները` հերթական ապօրինի շինարարության դեմ պայքարելու համար: Նրանք իրենց ձեռքին ունեին պաստառներ, որոնց վրա գրված էր «Մենք ենք մեր քաղաքի տերը», «Մի խլեք մեր արևը, միակ լավ բանը, որ մնացել է մեր երկրում», և այլ նմանատիպ արտահայտություններ:

Ասուլիսից առաջ բնակիչները նամակ հանձնեցին քաղաքապետարան, որով պահանջում էին հանդիպում քաղաքապետարանի ներկայացուցիչների հետ: Ի պատասխան իրենց դիմումի, ասվել է, որ հանդիպում կկայանա, սակայն ժամկետներ չի նշվել:

Բնակիչները լրագրողների հետ զրույցում նշեցին, որ ի սկզբանե պայքարել են շինարարության դեմ, երբեք իրենց համաձայնությունը չեն տվել, իսկ այժմ շինարարությունը` նրանց խոսքերով, ընթանում է ոստիկանների թույլտվության պատճառով:

Բնակիչներից Մուշեղ Սուվարյանը կրկին անգամ մեջբերեց կառուցապատողի այն արտահայտությունը, թե «Ես թքած ունեմ այս հող ու ջրի վրա», որը բնակչի խոսքերով նա ասել է բազմաթիվ մարդկանց ներկայությամբ: Նրա խոսքերով, այդպիսի մարդն իրավունք չունի շինարարություն իրականացնել, երբ այդպիսի արտահայտություն է իրեն թույլ տալիս:

Մանրամասները` YerevanNews.am-ի տեսանյութում :