Սայաթ-Նովա պող 10/5 հասցեում նախատեսված շինաշխատանքները հասարակական լայն հնչեղություն ստացան, ինչը, «ԼԱՐԿՈ Գրուպ» ՍՊԸ-ի կարծիքով, իրականում ուղղորդված և սուբյեկտիվ քարոզչության արդյունք են: ՍՊԸ-ի ներկայացուցիչ և իրավաբան Վահագն Եգանյանի համոզմամբ` տարածքը գնվել է ֆիզիկական անձից, իսկ մինչ այդ այն ևս մեկ անգամ գնվել է մեկ այլ ֆիզիկական անձից, որից առաջ էր վաճառվել է աճուրդով:

«Լուրեր են տարածվել, թե տարծքը պատկանում է պաշտոնատար անձի, ինչն իրականությանը չի համապատասխանում: Սեփականատերը ամերիկահայ Աբել Հախվերդյանն է, իսկ տնօրենը` Գագիկ Հախվերդյանը, ովքեր մեծ պատրաստակամություն են հայտնել, որ կարող են 2 մլն դոլարի ներդրում անել»,- հայտնեց իրավաբանը:

Նրա փոխանցմամբ` շինաշխատանքները դադարեցվել են` ելնելով քաղաքացիների բողոքներից, և դրանք ի մի բերելուց հետո աշխատանքները կրկին կսկսվեն: Նա նաև հայտնեց, որ այն լուրերը, թե քաղաքապետարանն է կասեցրել շինարարական աշխատանքները սուտ են, և քաղաքապետարնն ընդհամնեը բնակիչների դիմումին պատասխանել է, որ տեղանքը կուսումնասիրվի:

«Մենք ինքներս ենք բարի կամք դրսևորել և ժամանակավորապես կանգնեցրել աշխատանքները, և պատրաստ ենք, մեծամասնության խոսքը հաշվի առնելով, պահպանել հանրային շահերը, և խաղահրապարակներ կնվիրենք քաղաքացիներին»,- հավելեց իրավաբանը:

Ասուլիսին ներկայացավ նաև Սայաթ- Նովա 10/5-ի 40 տարվա բնակչուհի Հռիփսիմե Պետրոսյանը, ով հայտնեց, որ ոմանք հայտնվել են և ասել, թե «էլ լրբանոց բացելու կարիք չի լինի, քանի որ այդտեղ հյուրանոց է լինելու»:

«Ես տանը թոռ ունեմ: Դուք ոնց եք պատկերացնում, որ երկու մետր այն կողմ պետք է պարսիկներ բնակվեն: Ձեր շեֆը տղամարդկություն չունի՞ գա մեզ տեսնի, որ հաստ մոսկուլներով ու լոմերով տղեքի ա ուղարկում, ու իմացած էղեք, որ 400 բնակիչ Ալբերտ Սարգսյանի կողքին է»,- ասաց բնակիչը և դուրս եկավ սրահից:

Սրանից հետո բանախոսը պարզաբանեց, որ իրենց ընկերության ղեկավարը փողի առաջարկ է ստացել վերոնշյալ Ալբերտ Սարգսյանից, ով նաև հետագայում հայտնել է, որ ինքը նույնպես հետաքրքրված է այդ տարածքով:

«Ալբերտ Սարգսյանը գոտևորում է իրականացրել այդ տարածքում` իր տան դիմացի հատվածից ավելի մեծ տարածք սեփականաշնորհելով, չնայած այն հանգամանքին, որ տարածքը համայնքի սեփականությունն է»,- նշեց իրավաբանը:

Նշենք նաև, որ այսօր բնակիչները Սայաթ-Նովա 10/5-ում ժողով են կազմակերպել: