Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանի անձնական կարծիքով հնարավոր չէ 100 դրամով նորմալ երթևեկություն իրականացնել։ Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում նշելով, նա հավելեց.

«Բոլոր փոփոխությունները հաշվի են առնվում հանձնաժողովում: Հիմա քննարկվում է մանրակրկիտ: Հանձնաժողովում ընդգրկված են տարբեր սոցիալական խմբերի ներկայացուցիչներ, տարբեր ՀԿ-ներ: Կրկնում եմ, սպասեք հանձնաժողովի արդյունքներին»,- նշեց նա։

Փոխքաղաքապետըչէր էլ կարող ասել, թե որը կլինի թանկացման ամենաբարձր շեմը. «Որքան է՝ չեմ կարող ասել: Հանձնաժողով է աշխատում, ընդգրկված են լայն խավեր, տարբեր ներկայացուցիչներ, ընդունվում են բոլոր առաջարկներն առանց խտրականության, ամենայն բարեխղճությամբ, համբերատար քննարկվում են բոլոր առաջարկները»:

Դիտարկմանը, թե բազմաթիվ վերլուծություններ կան, որոնք պնդում են, թե տրանսպորտի սակագինը հնարավոր է 100 դրամով իրականացնել, փոխքաղաքապետը պատասխանեց. «Դրա համար հաշվի ենք նստում բոլոր վերլուծությունների հետ, առանց խուսափելու, ընդունում ենք բոլոր առաջարկները: Հանձնաժողովը կիրականացնի մանրակրկիտ վերլուծություն ու կտա պատասխան»:

Հարցին, թե արդյոք սակագինը սահմանելիս հաշվի կառնվի՞ քաղաքացիների սոցիալական վիճակը՝ Կամո Արեյանը պատասխանեց. «Հաշվի են առնվում բոլոր գործոնները՝ և սոցիալական, և անվտանգությունը, և որակը: Կրկնում եմ՝ այսօրվա 100 դրամը չի բավարարում շահագործման ծախսերը ծածկելու համար»:

Կամո Արեյանը նշեց, որ օրվա ընթացքում երթևեկում է երթուղայինով. «Այո, երթևեկել եմ, երթևեկելու եմ, հիմա մեծ մասը ծառայողականով է իհարկե, բայց ամբողջ օրը քաղաքում շրջում եմ: Իհարկե՝ որակը պետք է բարձրանա: Թողնել՝ չանելով, ավելի կխորանա վիճակը: Կամք պետք է դրսևորել, հետևողականություն և հաշվարկներով փոխել տրանսպորտի վիճակը: Այո, որակի հարցում, ծառայությունների մատուցման, ունենք խնդիր: Ինձ էլ դուր չի գալիս ծառայության որակը, ինձ էլ՝ որպես քաղաքացի, դուր չի գալիս, թե ինչպես են մարդիկ կքած երթևեկում»:

Իսկ թե այդ ընթացքում ինչո՞ւ չէիք փոխում վիճակը հարցին, փոխքաղաքապետը պատասխանեց. «Մի օր պետք է արվեր: Որակի բարձրացումը մենք դնելու ենք գծատերերի առջև, իհարկե, միանշանակ, ժողովուրդ ջան: Միակ ճանապարհը ձերբազատվելն է միկրոավտոբուսներից, քաղաքը համալրել մեծ և միջին տեղատարողությամբ ավտոբուսներով, որը կապահովի լիարժեք երթևեկություն, կթեթևացնի ծանրաբեռնվածությունը, կբարելավի որակը... մի օր պետք է սկսվեր՝ վերցնել կամք, վճռականություն, հետևողականություն, ռեֆորմները տանել մինչև վերջ՝ առանց ցավեցնելու»: