Սայաթ-Նովա 10 և 12 շենքերի բակում երեկ կրկին լարված իրավիճակ է եղել, բնակիչները կրկին պայքարում են անօրինական և իրենց խանգարող բազմաֆունկցիոնալ շենքկի շինարարության դեմ: Այսօր կայացած ասուլիսի ընթացքում այդ շենքերի բնակիչները ներկայացրեցին այս ամբողջ պատմության պատճառներն ու երեկ տեղի ունեցած դեպքերի մանրամասները:

«Խոսքը գնում է կաթսայատան մասին, որն աճուրդով վաճառվել է և հիմա գտնվում է «Լարկո գրուպ» ՍՊԸ –ի տնօրինության տակ: Այն վաճառվել է Մարինե Հովհաննիսյանին, խախտելով մի քանի օրենքի կետեր», - նշեց բնակիչ Ալբերտ Սարգսյանը:

Նրա խոսքերով, առաջին հարկում կառուցվել է 164 քմ տարածք, իսկ երկրորդ հարկում ի հայտ են գալու կոնսուլներ, որը «խանգարելու է բնակիչներին: Բնակիչներն այդ կոնսուլների մասին տեղեկացել են դեռևս այն ժամանակվա հյուրանոցի նախագծից, իսկ հետագայում էլ հաստատվել է քաղաքապետարանից և կառուցապատողների կողմից:

«Այս նախագիծն իրականություն դառնալու դեպքում ոտնահարվում են մեր մի շարք իրավունքներ և անհնար է դառնում մարդկանց ազատ տեղաշարժը», - նշեց նա:

Բնակիչը նաև ներկայացրեց իրենց ՝ նախագիծը բողոքարկելու ընթացքն ու այժմյան իրավիճակը: Նրա խոսքերով, իրենք բողոքարկել են, իսկ քաղաքապետարանից պատասխան է եկել, որ կգան կքննարկեն բնակիչների և կառուցապատողի հետ:

«Մինչև երեկ սպասում էինք, ես վստահ էի, որ մեր քաղաքապետը մոլորության մեջ է և կքննարկվի հարցը: Դրա փոխարեն երեկ եկան շինարարները, ոստիկաններով, օմոններով, մեր տղաներից մեկը վնասվածք ստացավ և դրանով ամեն ինչ վերջացավ, իսկ մարդկանց մոտ կրկին սկսվեց լարվածություն», - ներկայացրեց նա:

Բնակիչը նշեց նաև, որ քաղաքապետարանի կողմից բազմիցս անգամ փորձաքննություներ են նշանակվել, սակայն բոլորի պատասխանն էլ միակն է եղել, որ այդտեղ ոչ մի խախտում չկա:
Ասուլիսին ներկա էր նաև կրկին այդ շենքի բնակիչ Անդրանիկ Սարկավագ Մանուկյանը, ով շատ մեծ հիասթափություն է ապրել երեկ տեղի ունեցած իրավիճակից: «Այն ամենն, ինչ ես երեկ տեսա, 15 թիվն էր հիշեցնում: Տեսնում եմ այն անբարո վիճակը, երբ մարդիկ խաղում են հայ կնոջ և մոր կերպարի հետ, և իմ կողքին կային ոստիկաններ, ովքեր տեսնում էին այդ իրավիճակը և ձայն չէին հանում»,- ներկայացրեց նա:

Նրա խոսքերով այն սուտ մասնագետները, որ ի հայտ են գալիս, փոխարեն ամոթից ելնելով այլևս չխոսեն, հակառակը՝ շարունակում են պնդել իրենց ստերը:

«Երբ քաղաքապետարանից գալիս է մի անձնավորություն և ներկայացնում ես իրավիճակը, նա նշում է, որ այլ կարծիքներ չի ուզում , չի ընդունում մեր ասածները, ոչ մեկի հարցերին չի պատասխանում: Այդ մարդն ասում է ճանապարհի մասին հետո կմտածենք, բայց չէ որ այդ ճանապարհով պետք է գա շտապօգնությունը, փրկարարները, աղբահանությունը և այլ նման ծառայությունների մեքենաները»,- նշեց նա:

Նրանց խոսքերով, շենքերի բակում տարածքը շատ փոքր է և շենքի կառուցումից հետո հնարավոր չի լինի տեղաշարժվել ոչ մի կերպ և հնարավոր չի լինի ոչ մի մեքենայի մոտքը բակ:
Բնակիչներն իրենց խոսքում դիմեցին վարչապետին, նախագահին, քաղաքապետին՝ իրենց խնդիրներին լուծում տալու և ստեղծված իրավիճակից ելք գտնելու համար:

«Դիմում եմ Տարոն Մարգարյանին, որպես երկրացի, ես սասունցի եմ: Սաղ ձեռքերը լվացել ու ամբողջ ծանրությունը թողել են Տարոնի վրա: Ես հիմա դիմում եմ իրան, որպես նամուսով թասիբով սասունցի: Տարոն Մարգարյան՝ սա մեր նամուսն է և թասիբն է: Արի իմ կողքին կանգնի և ասա՝ ոնց է սա որոշվել», - եզրափակեց նա: