Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայաստանի ուղևորափոխադրողների միությունից որոշ ներկայացուցիչներ հայտնեցին, որ ուղեվարձի ներկայիս սակագնի դեպքում ուղևորափոխադրող կազմակերպությունները չեն կարող պատշաճ ձևով նախապատրաստվել ձմռանը:
Հայաստանի Ուղևորափոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանի հավաստմամբ` երթուղայինների անվադողերը մարդասպան վիճակում են:

«Ձմեռը վաղը մյուս օր կգա, մեքենաները կահավորված են մարդասպան անվադողերով, իսկ մենք հրաժարվում ենք նման անվադողերով երթևեկել»,- փոխանցեց Եղիազարյանը:
Նա նաև հայտնեց լրագրողներին, որ ընկերությունների տնտեսական վիճակը բարվոգ չէ, և նրանք ծախսերը հոգալ չեն հասցնում:

«Ընկերությունների տնտեսական վիճակն ահավոր է: Չենք կարողանում վճարել գույքահարկը, ԱՊՊԱ-ին, հասել ենք դռանը, ելք չունենք: Քաղաքապետի օգնականն ասաց, որ երեք օրում մեզ պատասխան կտան: Եթե հանձնաժողովը սեղմ ժամկետում մեզ պատասխան չտա, մենք այլ քայլերի կդիմենք»,- իր խոսքում նշեց միության անդամ Արշակյանը:

Լրագրողի այն հարցին, թե ի՞նչ քայլերի նրանք կդիմեն, հայտնեցին, որ պարզապես չեն աշխատի:

Միության անդամների խոսքերով` այն, որ բոլորը միաբերան ասում են, թե բարեփոխեք հետո թանկացրեք, թյուրիմացություն է, քանի որ բարեփոխումներ եղել են, և դրանք բոլորն էլ տեսնում են:

«Բոլորն էլ տեսնում են այդ բարեփոխումները: Վարկ ենք վերցրել, որպեսզի նոր ավտոբուսներ ներկրենք, իսկ ներկրելուց հետո վարկերը մարել չենք կարողանում: Մեր վարոդները թողնում Ռուսաստան են գնում, եթե վիճակը լավ լիներ, նրանք բավականաչափ աշխատավրձ ստանային, կգնայի՞ն»,- խոսքում նշեց Արշակյանը:

Նրանք նաև հայտնեցին, որ իրենց կատարած հաշվարկների համաձայն` ուղեվարձը պետք է լինի 200 դրամ, սակայն իրենք 150-ով կաշխատեն միայն այն դեպքում, եթե կառավարությունը մնացած 50 դրա դոտացիա անի:
Լրագրողի այն դիտարկմանը, թե որքանով են վստահ, որ կտա կառավարությունն այդ դոտացիան և ինչ կանեն նրանք, եթե չտա, Եղիազարյանը պատասխանեց. «Կտա, կտա, ո՞նց չի տա: Եթե չտա պայքարելու ենք կառավարության դեմ»: