Աջափնյակ վարչական շրջան կատարած աշխատանքային շրջայցի ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը վարչական շրջանի ղեկավարի ուղեկցությամբ այցելել է Սեբաստիա-Ա.Սարգսյան փողոցների հատման վայրում գտնվող Ազատամարտիկների այգի և աջափնյակցիների հետ մասնակցել վերակառուցված այգու բացման հանդիսավոր արարողությանը: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը նախ ծաղկեպսակ է դրել Հայրենական մեծ պատերազմի և Արցախյան ազատամարտի զոհերի հուշարձանին, ապա շրջել վերակառուցված այգու տարածքով, շփվել ազատամարտիկների ու բնակիչների հետ:

Ներկայացնելով կատարված աշխատանքները՝ պատասխանատուները քաղաքապետին զեկուցել են, որ այգու բարեկարգման ընթացքում տարածքն ամբողջությամբ նոր տեսք է ստացել: Վերակառուցվել և սալիկապատվել են ճեմուղիները, առանձնացվել են ծաղկային տարածքներ, որոնք վարչական շրջանի կանաչապատման ձեռնարկության ուժերով ձևավորվել են երփներանգ բազմաթիվ ծաղիկներով և մշտադալարներով: Ծառերի և այգու կանաչ գոտիների խնամքն ապահովելու նպատակով ամբողջությամբ վերանորոգվել է ոռոգման ցանցը:

Տեղի բնակիչներին և հյուրերին այսուհետ այգին դիմավորելու է նոր կահավորանքով՝ ինքնատիպ նստարններով և արտաքին լուսավորության ցանցի երևանյան կահավորման ընդհանուր ոճին համահունչ լուսամփոփներով: Տեղադրվել է նաև զրուցարան, աղբամաններ: Այգու խաղահրապարակի հարակից շինություններն էլ նկարազարդվել և գունազարդվել են:

Վարչական շրջանի ղեկավարի ուղեկցությամբ շրջելով տարածքում և ծանոթանալով կատարված շախատանքներին՝ Տարոն Մարգարյանը հանձնարարել է առկա կանաչ տարածքների պահպանման և ընդլայնման նպատակով մշտական խնամք իրականացնել: Շնորհակալություն հայտնելով տարածքը կարճ ժամանակում բարեկարգելու և կանաչապատելու համար՝ բնակիչները քաղաքապետին վստահեցրել են, որ իրենք ևս հոգ կտանեն այգու խնամքի մասին և կպահպանեն այն: