2014թ.  Երևանի զարգացման ծրագրում, այսպիսի կետ ենք ընդունել. «Իրականացնել մանկապարտեզների վարձակալությամբ տրված տարածքների հաշվառման, գույքագրման և դրանք մանկապարտեզներին աստիճանական վերադարձնելու գործընթաց»: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 11-ին, խոսեց Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը:

Այն հարցին, թե քանի՞ կազմակերպություն է այս պահին տարածքներ վարձակալում պետական մանկապարտեզներում:

«Ակնհայտ է, որ Երևանի շատ մանկապարտեզնների շենքեր, դա վերաբերվում է բոլոր վարչական շրջաններին, առանց խտրականության տարածքներ են տարիներ առաջ տրվել վարձակալության և 2010-2013թթ. զարգացման ծրագրում շատ հստակ այդ թիվը կա: Այն կազմում է 106 կազմակերպություն մանկապարտեզների տարածքներում և ես շարունակում եմ այս ուսումնասիրությունը:

Իսկ այն հանգամանքին, թէ ի՞նչ կերպ վարվել, որպեսզի հարցին տրվի խելացի լուծում, Ա. Բախշյանը պատասխանեց: 

«Եթե  պետական մանկապարտեզների շենքում  բոլոր խմբասենյակները աշխատեն, ապա կթեթևանա հերթագրված երեխաների թիվը, կամ նորից պետական մանկապարտեզները դարձնենք վճարովի: Թող սոցիալապես անապահով երեխաները ունենան արտոնություններ, բայց ովքեր կարող են թող վճարեն: Ընդ որում քաղաքական էլիտայի երեխաները ևս գնում են մանկապարտեզ անվճար: Նշեմ, որ  վերջին քննարկման ժամանակ ինձ հետ համաձայն էին հանրապետականի ավագանում անդամները, որպեսզի մանկապարտեզները դառնան վճարովի»:

Այն հարցին, թե այս պահի տվյալներով քանի երեխա է հաշվառված, նա պատասխանեց.

«Ինձ տրված փաստաթղթի համաձայն՝ 22000 երեխա: Սակայն ասվում է նաև, որ կան երեխաներ, ովքեր մի քանի մանկապարտեզներում են հաշվառված, այս դեպքում թիվ կրճատվում է: Չնայած այդ ամենը ապացուցման կարիք ունի»: