Երևանում ապրիլի 26-ից մեկնարկվել է «Made in Armenia 2015» (Արտադրված է Հայաստանում) էքսպո-ցուցահանդեսը, որին մասնակցում են 330 հայրենական արտադրողներ, այդ թվում նաև հայ սպառողին քաջ հայտնի ու արդեն սիրված «Աշտարակ-Կաթ» ընկերությունը։ Եռօրյա միջոցառման շրջանակներում ընկերությունը հնարավորություն ունեցավ իր տեսականին ներկայացնել հայ սպառողին ու հյուրերին, իսկ միջոցառման եզրափակման օրն էլ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ցուցահանդես կատարած շրջայցի ժամանակ այցելեց ընկերության տաղավար և համտեսեց ընկերության արտադրատեսակներից, զրուցեց ներկայացուցիչների հետ, տվեց իր բարձր գնահատականը:

«Այսօր մեծ պատիվ ունենք հայ սպառողին և օտարերկրյա հյուրերին ներկայացնելու «Աշտարակ-Կաթ» ընկերության արտադրանքը։ Մեր ընկերությունն այն եզակի ընկերություններից է, որ Խորհրդային Միության փլուզումից հետո՝ նորանկախ Հայաստանի համար ամենադժվարին ժամանակահատվածում, զարկ տվեց հայրենական կաթնամթերքի արտադրությանը։ Ընկերությունը սկսել է ծավալել իր գործունեությունը ընդամենը 15 աշխատակցով։ Այժմ «Աշտարակ-Կաթ» ընկերությունը աշխատանքով է ապահովում շուրջ 500 աշխատակցի, փոխշահավետ հիմունքներով համագործակցում է շուրջ 6000 ֆերմերային տնտեսությունների հետ, արտադրում է կաթնամթերքի ու պաղպաղակի ամենամեծ տեսականին Հայաստանում։

«Աշտարակ-Կաթ» ընկերությունը 20 տարի շարունակ կաթնամթերքի շուկայի առաջատարն է Հայաստանում, մի քանի անգամ ճանաչվել է «Լավագույն կաթնամքերք արտադրող» ընկերություն, միջազգային «Պրոդէքսպո» ցուցահանդեսում երկու անգամ արժանացել է որակի ոսկե մեդալի։ Ներկայումս «Աշտարակ-Կաթ» ընկերությունը Ռուսաստան է արտահանում «Легенды Армении» (Հայաստանի առասպելներ) ջեմերն ու մուրաբաները, սակայն մեծ նախադրյալներ ունենք ավելի ընդլայնելու արտահանման հնարավորությունները»,- նշեց ընկերության հասարակայնության հետ կապերի պատասխանատուն։

Նշենք նաև, որ «Արտադրված է Հայաստանում» ցուցահանդեսը կազմակերպել են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը և Հայաստանի զարգացման հիմնադրամը: Եռօրյա ցուցահանդեսի նպատակն է ներկայացնել ՀՀ արդյունաբերության ներուժը, զարգացման հնարավորությունները և աջակցել տեղական ընկերությունների զարգացմանն ու արտահանման խթանմանը: