Հողազավթման և ինքնակամ կառույցների հայտնաբերման ուղղությամբ իրականացվող աշխատանքների շրջանակում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության, հասարակական կարգի պահպանության ծառայության և Էրեբունի վարչական շրջանի աշխատակազմի համապատասխան բաժնի աշխատակիցների կողմից մայիսի 13-ին Այվազովսկի փողոցին հարակից հատվածում արձանագրվել է խոշորածավալ ապօրինի շինություն: Քաղաքացին, առանց համապատասխան թույլտվության, նախաձեռնել էր մետաղական կոնստրուկցիաներով ավտոլվացման կետի կառուցման աշխատանքներ, ինչը և կանխվել ու նույն օրը երեկոյան ամբողջությամբ ապամոնտաժվել է: Ապօրինի շինարարությունը նախաձեռնած քաղաքացու նկատմամբ կազմվել է վարչական արձանագրություն` 400 հազար դրամի չափով:

Հարկ է նշել, որ վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով ինքնակամ կառուցապատումների դեպքում սեփական հողամասերում նախաձեռնվող ինքնակամ կառուցի շինարարության համար կազմվում է վարչական արձանագրություն` 200 հազար դրամի չափով: Այն դեպքերում, երբ ապօրինի կառույցի շինարարությունն իրականացվում է պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերում, օրենսդրությունը նախատեսում է 400 հազար դրամ տուգանք: Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով ապօրինաշինության կրկնման դեպքում, անկախ հողամասերի սեփականության ձևից, օրինախախտների նկատմամբ կիրառվում է վարչական տուգանք՝ 2,5 միլիոն դրամի չափով:

Երևանի քաղաքապետարանը հիշեցնում է, որ մայրաքաղաքում որևէ նոր շինարարություն ծավալելու միակ ճանապարհը քաղաքաշինական փաստաթղթերի առկայությունն է: