Մայիսի 11-ին համացանցում տեղեկություն էր տարածվել այն մասին, որ քաղաքացու կողմից գնված յոգուրտում հայտնաբերվել են բորբոսասնկեր: Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, կապ հաստատելով քաղաքացու հետ և անհրաժեշտ տեղեկությունները ստանալով, «Ֆրուտտիս» յոգուրտի դիտարկում է կատարել Երևան քաղաքի Սեբաստիայի 141/5 հասցեում գործող «Ալեքս Գրիգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը պատկանող «Երևան Սիթի» սուպերմարկետում, որտեղից գնվել էր յոգուրտը: Դիտարկում է կատարվել նաև առաքողի՝ «Բրենդլիդեր» Հ/Ձ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության պահեստում:

Դիտարկման արդյունքում պահման պայմանների, պիտանիության ժամկետների և մակնշման անհամապատասխանություններ չեն հայտնաբերվել: Միաժամանակ՝ «Բրենդլիդեր» Հ/Ձ ՍՊԸ-ն տրամադրել է յոգուրտի որակը և անվտանգությունը հավաստող փաստաթղթեր: Ծառայության տեսուչները «Երևան Սիթի» սուպերմարկետից և «Բրենդլիդեր» Հ/Ձ ՍՊԸ-ի պահեստից մայիսի 13-ին իրականացրել են նույն խմբաքանակի յոգուրտի հսկիչ գնում և ուղարկել այն մանրէաբանական լաբորատոր փորձաքննության (դրա համար անհրաժեշտ է 7 օր): Լաբորատոր փորձաքննության արդյունքում նշված ապրանքանիշի յոգուրտում անհամապատասխանություն՝ բորոբոսասնկեր չեն հայտնաբերվել:

Մասնագետների գնահատմամբ՝ բորբոսասնկեր կարող էր առաջանալ տարայի ամբողջականությունը խախտվելու (անգամ փոքր ճեղքի) պայմաններում: Բորբոսի առկայությունը տեխնոլոգիական գործընթացներով պայմանավորված լինելու դեպքում պետք է ախտահարված լիներ ամբողջ խմբաքանակը. նշենք, որ նմանատիպ այլ բողոք Ծառայությունը չի ստացել:

Նշենք նաև, որ Հայկ Հունանյանը մի լուսանկար է տեղադրել իր էջում, որտեղ հստակ երևում է բորբոսնած յոգուրտը: Ըստ սպառողի՝ նա այդ յոգուրտը քաղաքի սուպերմարկետից գնել է իր երեխայի համար: Վերահսկողության ու ոչ ճիշտ աշխատանքի հետևանքն էլ հենց սրան է հանգեցնում: