Եվս մեկ շաբաթ և կսկսվի նոր ուսումնական տարին: Միջնակարգ դպրոցն ավարտած աշակերտներից շատերն իրենց ծնողների հետ այս ամառային արձակուրդի ընթացքում ուսումը շարունակելու տարբերակներ են ուսումնասիրել: Ոմանք՝ պետական ավագ դպրոցներ, ոմանք՝ մասնավոր, ոմանք էլ ո՛չ մեկը, ո՛չ էլ մյուսը, ընտրել են կրկնուսույցների ծառայությունից օգտվելու տարբերակը:
Ո՞ր տարբերակն է լավագույնը նախամասնագիտական կրթություն ստանալու և ԲՈՒՀ-ի քննություններին նախապատրաստվելու համար: 

Yerevannews.am-ը հետամուտ լինելով ծնողների անհանգստությանն ու հետաքրքրասիրությանը, իր ուսումնասիրությունն անցկացրեց ավագ դպրոցներում, բայց մինչ այդ ներկայացնում ենք ավագ դպրոցի համառոտ առաքելությունը. Ավագ դպրոցը կոչված է ապահովելու ինքնուրույն կյանքի համար շրջանավարտի պատրաստվածությունը, միաժամանակ հանդիսանում է միջանկյալ օղակ պարտադիր հիմնական և մասնագիտական կրթության միջև:
Հիմնական կրթությունից հետո կրթության համակարգը պետք է ապահովի կրթությունը շարունակելու բազմազան հնարավորություններ` կախված սովորողների մասնագիտական կողմնորոշվածության, նրանց հավակնությունների, ընդունակությունների և կարողությունների մակարդակից: Ավագ դպրոցը պետք է հասնի այն մակարդակին, որ դիմորդը ԲՈՒՀ-ի ընդունելության քննությունները հաջող հանձնի արդեն ձեռք բերած գիտելիքներով, այլ ոչ հավելյալ վճարովի պարապունքների հաշվին ստացած գիտելիքներով:

Երկարատև ուսումնասիրությունների արդյունքում ցանկանում ենք առանձնացնել Երևանում գործող մասնավոր ավագ դպրոցներից հինգին.

«Քվանտ» վարժարանի ավագ դպրոց: ՀՀ փորձարարական, ոչ պետական առաջին դպրոցն է, որն սկսել է գործել 1991թ.-ից: Կրթության և գիտության ոլորտում ունեցած մեծ ավանդի համար և հիմնադրման 15 ամյակի կապակցությամբ վարժարանը պարգևատրվել է ՀՀ ԿԳՆ ոսկե մեդալով:

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ավագ դպրոց: Կրթահամալիրն իրականացնում է պետական այլընտրանքային (հեղինակային) կրթական ծրագիր` նախակրթարանից մինչև ավագ դպրոց, արհեստագործական և միջին մասնագիտական ուսուցում: Գործում է 1989թ.-ից:

«Այբ կրթական հանգույցի» ավագ դպրոց: Բացվել է 2011թ.-ին: «Այբ»-ը սովորելու մշակութաստեղծ նոր միջավայր է, ուր ազգային հենքի վրա մշակվում են եզակի կրթական տեխնոլոգիաներ և փորձարկվում ժամանակակից կրթության բարձրագույն ձեռքբերումները` ի նպաստ հայկական կրթության մրցունակության բարձրացման:

«Անանիա Շիրակացի» ճեմարանի ավագ դպրոց: Ճեմարանը ստեղծվել է 1990թ.-ին: Ճեմարանի առաքելությունը ազգային հենքի վրա ձևավորված համամարդկային արժեքներ կրող իսկական մտավորականի և քաղաքացու կերտումն է:

«Գլոբալ բրիջ» ուսումնական կենտրոնի ավագ դպրոց: Ավագ դպրոցը նորաբաց է, համալրված միջազգային ամենաբարձր չափանիշներին համապատասխան գերժամանակակից կահույք-տեխնիկայով և բարձր մանկավարժական որակավորմամբ մասնագետներով: «Գլոբալ բրիջ» ավագ դպրոցում, բացի պարտադիր ուսումնական ծրագրից, արտերկրում կրթությունը շարունակել ցանկացող աշակերտներին նախապատրաստում են միջազգային քնություններին (IELTS, SAT), ինչպես նաև դպրոցի կրթական խորհրդատուները աջակցում են ուսանողներին դիմում- հայտերի լրացման և համապատասխան կրթական հաստատություն ընտրելու գործընթացում:

«Գլոբալ բրիջ» ավագ դպրոցի ամեն դասարանում կսովորեն 10-12 աշակերտ: Դա նշանակում է, որ ապահոված կլինի անհատական մոտեցումը յուրաքանչյուր աշակերտին: