Մայրաքաղաք Երևանի խնդիրները պետք հուզեն և առաջնային լինեն քաղաքի բոլոր բնակիչների համար: Խնդիրների պակաս, ցավոք սրտի, այստեղ չի նկատվում...

Վարդագույն Երևանում առկա խնդիրների մասին YerevanNews.am-ը այս անգամ զրուցեց հայ երգչուհի, երգահան, ճարտարապետ Լիլիթ Պիպոյանի հետ:

- Ես մի քիչ խնդիր եմ տեսնում աղմուկի առումով: Հանդարտ չեն գիշերները: Եվ տրանսպորտի, իհարկե, շատ ծանրաբեռնված է: Քաղաքի կենտրոնում աղմուկը շատ է. և՛ մեքենաները, և՛ այդ «տուռբոները», և՛ մոտոցիկլները, և՛ մարդիկ ահավոր աղմկում են մինչև ժամը 2-ը կամ 3-ը: Եվ հսկողություն առանձնապես չեմ տեսնում. դա է ինձ անհանգստացնում շատ:

Մեքենաներն են շատ Երևանում: Օդը շատ ծանր է, վատ է: Կենտրոնը շատ է ծանրաբեռնված մեքենաներով՝ միշտ խցանումներ են: Այդ հարցը քաղաքապետարանը երևի չի կարողանում ինչ-որ կերպ լուծել: Դա էլ խնդիր է: Հատկապես վերջին մեկ-երկու տարիներին շատ ծանր է վիճակը, բայց չեն կարողանում լուծել:

Քաղաքի մաքրությունը, կարծես թե, վատ չէ: Եթե աղբամաններն էլ մի քիչ ավելի շատ լինեին: Քաղաքապետարանի կողմից ինչ-որ ուշադրություն նկատվում է: Բայց ես խոսում եմ Կենտրոնի մասին, եթե խոսենք ծայրամասերի մասին, ապա այնտեղ մի քիչ ավելի վատ է վիճակը: Կենտրոնի վրա ավելի շատ է ուշադրություն սևեռված, ինչն այնքան էլ ճիշտ չէ: Զարդարել, ծաղիկներ դնել, բայց ծայրամասերում՝ հատկապես Շենգավիթ թաղամասում քանդած է, ասֆալտը լավ վիճակում չէ և այլն:

YerevanNews.am-ը շարունակում է հետևողականորեն բարձրաձայնել երևանցիներին անհանգստացնող խնդիրների մասին՝ հուսալով տեսնել պատկան մարմինների համապատասխան գործողությունները: