Երևանի քաղաքապետարանը արթնացել է երկարատև ու խորը քնից: Ըստ YerevanNews.am-ին հասած տեղեկությունների Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում քաղապետարանի աշխատակիցները օրերս ապամոնտաժել են Մալաթիայի տոնավաճառի բուտիկներից դուրս գտնվող տարածքները: 

Աշխատակիցները հատուկ գործիքների միջոցով քանդել են բուտիկներից դուրս գտնվող սեղանները, հավաքել են դրսում գտնվող բոլոր մանեքենները: Եվ այս գործընթացը իրականացվել է ուժի կիրառմամբ, կոպիտ եղանակով: 

Հետաքրքիրն այն է, թե ինչու է քաղաքապետարանը որոշել հենց հիմա՝ սեպտեմբերի 1-ի շեմին, կատարել «մաքրման» աշխատանքները: Այս տարածքում մանեքենները և սեղանները տեղադրված են եղել «անհիշելի ժամանակներից»: Այդ դեպքում, ինչո՞ւ հիմա...

Ըստ YerevanNews.am-ի լավատեղյակ աղբյուրի՝ վաճառականները գտնվում են ճարահատյալ վիճակում: Նրանցից յուրաքանչյուրը, բիզնես գործունեություն ծավալելու նպատակով, վերցրել է հսկայական վարկեր, որոնք անհրաժեշտ է մարել, իսկ այժմ, դա կասկածի տակ է դրվում: 

Մեր զրուցակիցն ասում է, որ վաճառականները դրսում ապրանքները ցուցադրելով փորձում են գրավել հաճախորդներին, հակառակ դեպքում մարդիկ ուղղակի անտարբեր կանցնեն խանութի կողքով, առանց ներս մտնելու: 

Շուտով նման «միսիա» են ծրագրավորում իրականացնել նաև Շենգավիթ վարչական շրջանում: 3-րդ մաս կոչվող տարածքում գտնվող գետնանցումի բուտիկների սեփականատերերին արդեն զգուշացվել է այս մասին: Մինչդեռ մեր զրուցակիցը հայտնում է, որ կոնկրետ այդ տարածքի վաճառականները մասամբ իրենց վրա են վերցրել քաղաքապետարանի պարտականությունները: 

Քաղաքապետարանը չի ապահովում տվյալ գետնանցումի լուսավորությունը և մաքրությունը: Այս մասին հոգում են հենց իրենք՝ վաճառականները: Լուսավորություն ապահովելու համար իրենք չեն անջատում բուտիկների լույսերը, արդյունքում կատարելով լրացուցիչ ծախսեր: Ինչպես նաև իրենք են հոգում մաքրության ծախսերը: 

Վաճառականներից յուրաքանչյուրը մեծ գումարներ է ծախսել բուտիկները աշխատացնելու համար, սակայն քաղաքապետարանի այս քայլից հետո կասկածի տակ է դրվում դրանց ապագան: Նշենք, որ յուրաքանչյուր բուտիկի սեփականատեր մոտ 2 մլն դրամ արժողությամբ վարկ է վերցրել: