Վերջերս Երևանում կայծակի նման տարածվեց լուրն այն մասին, որ Կարեն Դեմիճյանի անունը կրող Մարզահամերգային համալիրի տարածքում պատրաստվում են կառուցել խաղատներ: Կարծիքների ու քննադատությունների պակաս չէր զգացվում: Այս մասին YerevanNews.am-ը զրուցեց հայ երգչուհի, երգահան, ճարտարապետ Լիլիթ Պիպոյանի հետ:

Ես լսել եմ, որ միգուցե այնտեղ խաղատուն տեղադրվի...ես դա չարիք եմ համարում, կատեգորիկ դեմ եմ, իհարկե, հատկապես այդ վայրում: Չգիտեմ դա ուղղակի խոսակցություններ են, թե իրականություն...

Իրականությունից այդքան էլ հեռու չէ...

- Դա շատ վատ կլինի, եթե այդպես լինի: Այդ վայրը թող մնա խաղաղ ու հանգիստ վայր: Պարտադիր չէ, ոչ խաղատներ լինեն:

Իրականում, այդ հսկայական շենքը, ես գտնում եմ, որ լավ չէր օգտագործվում: Այն լիարժեք կյանքով չէր ապրում. Ամիսներով դատարկ էր մնում, ոչինիչ տեղի չէր ունենում: Դա սխալ է, այդպես չպետք է լինի: Այդ առումով ես կողմնակից եմ, որ շենքը ավելի ինտենսիվ կյանք ունենա: Հսկայական կառույց է... հո չէին սարքել որ դատարկ մնա:

Ես հասկանում եմ այդ մարդկանց ձգտումը և կարծում եմ լավ կլինի, որ այն մի քիչ ավելի աշխույժ կյանք ունենա, բայց ոչ «կազինո» էլի: Խաղատունը իմ կարծիքով բացասական երևույթ է և թող մնա քաղաքից դուրս: Դա հսկայական փակ տարածք է, թող ներսում աշխույժ կյանք ունենա, ես վատ բան չեմ տեսնում:

Ես լսել եմ, որ ցանկություն կա շենքը ամրացնելու: Այն ճարտարապետը, ով պետք է իրականացնի այդ աշխատանքները կարծում եմ հարգանքով կվերաբերվի կառույցին: Չեմ կարծում, որ կձևափոխեն... այն ձևափոխման տեղ առանձնապես չի էլ թողնում, ձևափոխել համարյա անհնար է:

Չեմ կարծում, որ շատ կայլանդակվի, ոչ մի վատ բան չի լինի դրա հետ...այնպես որ, թող աշխուժանա, թող կյանք լինի, ափսոս է. տարիներով դատարկ մնա որ ի՞նչ: