Օրեր առաջ մեծ աղմուկ բարձրացրեց Երևանի քաղաքապետարանի աշխատակիցների գործողությունները «3-րդ մաս» կոչվող տարածքի հարակից գետնանցման խանութներում:

Քաղաքապետարանի աշխատակիցները պահանջում էին առևտրականներից ազատել բուտիկների դիմացի տարածքը, որտեղ ընդհամենը մի քանի փոքրիկ սեղանիկներ էին դրված, պատճառաբանելով քաղաքացիների կողմից ստացված բողոքները: Նշենք, որ նման գործողություններ ավելի վաղ իրականացվել էին նաև Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի տոնավաճառում: 

Այսօր, արդեն Քաղաքապետարանը հպարտանում է իրենց կողմից կատարված աշխատանքներով: «3-րդ մաս»-ի նույն տարածք են ժամանել քաղաքապետարանի աշխատակիցները և հրճվանքով նկարահանում են իրենց կողմից «մաքրված» տարածքները՝ դրանք «վերադասին» ներկայացնելու համար: 

Նշենք, որ զայրացած առևտրականները դիմել էին և՛ քաղաքապետարան, և՛ թաղապետարան իրենց խնդրին լուծում տալու համար: Թաղապետարանից նրանց խոստացել էին իջեցնել վարձավճարները՝ սեղանիկները հավաքելու դիմաց: 

Տարածքի առևտրականներից մեկը YerevanNews.am-ին հայտնում է, որ սեղանիկներն ու մանեքենները հեռացնելուց հետո առևտրի ծավալը կտրուկ նվազել է՝ մոտ 5 անգամ: Շատ խանութներ այժմ կանգնած են փակման եզրին: Դեռ անհայտ է, թե քանի առևտրական կկարողանա կատարել իր պարտավորությունները բանկերի առջև: Անհայտ է նաև, թե քանի ընտանիք կկորցնի իր եկամտի միակ աղբյուրը...այս պահին ամենակարևորը այն է, որ քաղաքապետարանի կայքում հայտնվի ևս մեկ տեսանյութ, բազմաթիվ լուսանկարներ, որոնք կվկայեն նրանց «փայլուն» աշխատանքի մասին: