Վերջերս բազմիցս անդրադարձանք Երևանի քաղաքապետի առևտրի վարչությանը, դրա պետին և նրանց կողմից իրականացված գործողություններին: 

Տվյալ վարչության գործողությունների շնորհիվ կասկածի տակ դրվեց բազմաթիվ հայ ընտանիքների բարրօրությունը: «Գարեգին Նժդեհի» հարակից գետնանցումում քաղաքապետարանի աշխատակիցները պահանջում էին առևտրականներից ազատել բուտիկների դիմացի տարածքը, որտեղ ընդհամենը մի քանի փոքրիկ սեղանիկներ էին դրված: 

Տվյալ տարածքի առևտրականները անգամ գնացել էին քաղաքապետարան նրա հետ հանդիպման, ինչը սակայն, չհաջողվեց:

Նշենք, որ «Գարեգին Նժդեհի» հրապարակի գետնանցումի «մաքրված» բուտիկների սեփականատերերից մեկը, մեզ հետ զրույցում ասել էր, որ սեղանիկներն ու մանեքենները հեռացնելուց հետո առևտրի ծավալը կտրուկ նվազել է՝ մոտ 5 անգամ: Շատ խանութներ այժմ կանգնած են փակման եզրին:

Առևտրականները ակնկալում էին ուղղակի մարդկային վերաբերմունք, ինչի շնորհիվ հնարավոր կլիներ բազմաթիվ ընտանիքների բարեկեցիկ կյանքը: Բայց, ո՛չ...Արման Էդոյանը՝ առևտրի վարչության պետը, հաստատ էր որոշել՝ չի զիջելու:

Երեկ տեղի ունեցած դեպքերը որոշակիորեն լույս է սփռում իրավիճակի վրա: Երեկ՝ սեպտեմբերի 13-ին նույն ինքը՝ Արման Էդոյանը վրաերթի է ենթարկել 50-ամյա մի տղամարդու, ով տեղում մահացել է: Ըստ ականատեների, հարվածն այնքան ուժեղ է եղել, որ քաղաքացուն թռցրել է մոտ երկու տասնյակ մետր: 

Դեռ անհայտ է, թե քաղաքացին ինչպես և որտեղից է հատել ճանապարհը, բայց այն, որ մեքենայի արագությունը եղել է չափազանց մեծ, ակնհայտ է: 

Մի ուշագրավ փաստ ևս. քաղաքապետարանի այս չինովնիկը հայտնի դարձավ դեռ 2013թ.-ին, երբ հուլիսին Հանրապետության հրապարակում հեռախոսով մի քանի անգամ հարվածել է հրապարակում փուչիկ վաճառող տղային, որից հետո տղայի ինքնազգացողությունը վատացել էր: Էդոյանը նրանից պահանջել էր հեռանալ հրապարակից, տղան չէր կատարել պահանջն, ու Էդոյանը հեռախոսով մի քանի անգամ հարվածել էր նրա գլխին:

Այս դեպքը այդպես էլ անպատիժ մնաց: Հուսանք, նրա խղճին եղած 50-ամյա տղամարդու կյանքը խլելու դեպքը կպատժվի օրենքի ամբողջ խստությամբ, իսկ բոլոր այն քաղաքացիները, ովքեր նրա գործունեության շնորհիվ հնարավոր է կորցնեն իրենց եկամտի աղբյուրը և կանգնեն երկրից հեռանալու խնդրի առջև, այլ ելք կգտնեն:

Չէ-որ, ուրիշների դժբախտության հաշվին երջանկություն չես կառուցի...